Լրահոս

21.07.2016 13:57


Արա Աբրահամյան. «Պետք է գնալ հանգուցալուծման»

Արա Աբրահամյան. «Պետք է գնալ հանգուցալուծման»

Երևանում զինված խմբի կողմից կատարված հարձակումը չի կարող խոր մտահոգություն չառաջացնել հասարակության լայն շերտերի մեջ: Մենք ցավով ընդունեցինք ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ողբերգական մահվան լուրը և ցավակցություն ենք հայտնում զոհվածի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին:

Անընդունելի է հայը հայի դեմ երևույթը: Որքան էլ խմբի անդամները համոզված լինեն իրենց գործողությունների ճշմարտացիության մեջ, զենքի ուժով պարտադրանքն ընդունված չէ քաղաքակիրթ աշխարհում:

Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով պետության և ազգի շահերը, դիմում ենք իշխանություններին, իրավապահ մարմիններին շարունակել պահպանել խոհեմությունը և, բացառելով հնարավոր արյունահեղությունը, գնալ հանգուցալուծման, օգտագործելով միայն խաղաղ միջոցներ: Գտնում ենք, որ հասարակությունը պահանջ ունի երկխոսելու երկրի բարձրագույն ղեկավարության հետ ներքին և արտաքին քաղաքականության իրենց հուզող խնդիրների մասին, այդ թվում, նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող պարզաբանումների մասին:

Ընդդիմության և հասարակության հետ երկխոսության մեխանիզմի ձևավորումը կփոխի մթնոլորտը երկրում, ինչը կբացառի հիմնախնդիրների լուծումը փողոցում, այն էլ ուժի կիրառման սպառնալիքով:

Արա Աբրահամյան

Համաշխարհային Հայկական Կոնգրեսի և

Ռուսաստանի Հայերի Միության նախագահ,

«Ազգային Միասնություն» շարժման առաջնորդ

Այս խորագրի վերջին նյութերը