Կարծիք

21.07.2016 10:55


Էն ձեր Նիկոլին էլ Աշոտյան արեցին մարդիկ

Էն ձեր Նիկոլին էլ Աշոտյան արեցին մարդիկ

Ոստիկանությունն իր սանձարձակությամբ բռնություն և անկարգություն է հրահրում
Երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավեցին ՊՊԾ գունդը, հասարակությունը երկմտանքի առաջ հայտնվեց, շատերը, համակրելով խմբի անդամներին, գնահատելով իրենց՝ նախկինում մեր երկրին ու ժողովրդին մատուցած ծառայությունները, չէին ընդունում նրանց որդեգրած գործելաոճը և նպատակին հասնելու միջոցները: Շատերի համար անհասկանալի և անընդունելի էր նրանց քայլը, չնայած իշխանափոխությունը, որին իրենք ձգտում են, Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության ցանկությունն ու պահանջն է:

Սակայն երկրի՝ դեռևս իշխանությունները, նրանց անգործությունն ու որևէ միջոց ձեռնարկելու տկարությունը՝ մի կողմից, ոստիկանության սանձարձակությունն ու ամենաթողությունը՝ մյուս կողմից, հրահրեցին մարդկանց՝ ստիպելով դառնալ այս հակամարտության բևեռ: Ընդ որում՝ օր օրի հզորացող բևեռ: Նացիստական Գերմանիայի Գեստապոյի ոգով տոգորված մարդկանց փողոցից առևանգում ու դաժան ծեծի էին ենթարկում ուղղակի պրոֆիլակտիկ նպատակներով: Մոռացել են երևի, որ սա այդ դարը չէ, կամ էլ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցներն այլ իրականության մեջ են ապրում:

Դա պարզապես մի խումբ արկածախնդիր մարդիկ չեն, որոնց կարելի է արագ փողոցից հավաքել ու լուծել խնդիրը: Ատելությունն իշխանությունների նկատմամբ համատարած բնույթ է կրում, և որքան կոշտ է ոստիկանության վերաբերմունքը, այդքան դժգոհողների թիվն ավելանում է, այդքան ավելանում են մարդիկ, որոնք ցանկանում են թոթափել տարիների այս լուծը և դրա համար պատրաստ են ամենածայրահեղ միջոցների:

Տարրական վարվելակերպի մասին պատկերացում չունեն, այնքան, որ Սարի թաղի ու գնդի հարակից տարածքների բնակիչներին էլ են իրենց թշնամի դարձրել, գիտեն, թե իրենց ամեն ինչ կարելի է, Սերժ Սարգսյանից մանդատ են ստացել: Բա որտե՞ղ է ձեր այդ թագավոր Սարգսյանը, որին թթու խոսք ասելու համար պատրաստ էիք ականջ կտրել: Բա չե՞ք մտածում, որ մեկ էլ կարող է՝ այդպես էլ չհայտնվի: Կամ էդ հույսներդ ինչի՞ վրա եք դրել, որ ոստիկաններին հանում եք ժողովրդի դեմ: Քանի դեռ բողոքավոր զանգվածը քիչ է, դուք էլ, իրենք էլ արդարացում ունեք, բայց մինչև ե՞րբ եք կարողանալու այսպես շարունակել:

Հ.գ. Էն ձեր Նիկոլին էլ Աշոտյան արեցին մարդիկ, բա հիմա ո՞ւմ միջոցով եք այդ մարդկանց փորձելու ուղղորդել տուն: Աղոթքն էլ, կարծես, չօգնեց: Մնաց ջրցանը, գուցե զենքը...բա հետո՞:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը