Քաղաքական

19.07.2016 12:59


Ալեք Ենիգոմշյան. «ԱԱԾ ղեկավարության կողմից պահանջ–առաջարկ է ներկայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին» (տեսանյութ)

Ալեք Ենիգոմշյան. «ԱԱԾ ղեկավարության կողմից պահանջ–առաջարկ է ներկայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին» (տեսանյութ)

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը Էրեբունիի ՊՊԾ գնդի մոտ գտնվող լրագրողներին հայտնել է, որ ԱԱԾ ղեկավարության կողմից պահանջ–առաջարկ է ներկայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։

–Ես երեկ ևս հանդիպել եմ և՛ Ժիրայր Սեֆիլյանին, և՛ «Սասնա ծռեր» խմբին, և՛ ԱԱԾ պատասխանատուներին։ Ես փոխանցել եմ ԱԱԾ պատասխանատուների առաջարկ–պահանջը «Սասնա ծռերի» ներկայացուցիչներին։ Այս պահին չեմ ասի, թե որն էր առաջարկը, քանի որ այս պահին բոլոր քայլերը ցույց են տալիս, որ իրենք բանակցությունները խզում են, բայց դե, մի փոքր հույսի նշույլ կա, որ այդպես չէ։ Մինչև 100 տոկոս ես վստահ չլինեմ, լրացուցիչ մանրամասներ չեմ ասի, չնայած էդքան մեծ գաղտնիք չկա դրա մեջ,–նշել է Ենիգոմշյանը։

Նա հավելել է, որ այդ առաջարկ–պահանջին «Սասնա ծռեր» խմբի անդամները պետք է պատասխանեին այսօր՝ ժամը 19։00–ին, որպեսզի Ենիգոմշյանն այն փոխանցեր պատկան մարմիններին։

Ինչ վերաբերում է լուծման 3–րդ տարբերակին, Ենիգոմշյանն ընդգծել է, որ այսօր դա էական չէ, որովհետև 3–րդ տարբերակից դեպի խզում գնալու քայլեր են արվում իշխանությունների կողմից։

–Որպես բանակցող կողմ՝ ես պետք է հաղորդակցության կապ ունենամ այնտեղ գտնվող տղաների հետ։ Կապը խզելով՝ իշխանություններն արդեն այդ հնարավորությունից ինձ և տղաներին զրկում են։ Այդպիսով նաև խզում են երեկոյան ժամը 7–ին իմ՝ պատասխան ստանալու և իրենց փոխանցելու հնարավորությունը։ Դրա համար ասում եմ, որ իշխանությունները գնում են բանակցությունները խզելու ուղղությամբ։ Ես դեռևս կես ժամ ժամանակ եմ տալիս իշխանություններին, որպեսզի հստակորեն ասեն՝ բանակցությունները կա՛մ խզված են, կա՛մ ոչ։ Եթե պատասխան չստանամ, նշանակում է, որ բանակցությունները խզել են իշխանությունները, –ընդգծել է Ենիգոմշյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը