Կարծիք

19.07.2016 12:46


Երկրում կատարյալ անիշխանություն է տիրում

Երկրում կատարյալ անիշխանություն է տիրում

Երկրում կատարյալ անիշխանություն է տիրում. ամենաբարձր պետական պաշտոնյան, որ մնացել է, փոխոստիկանապետն է: Բա որտե՞ղ են Հայաստանի Հանրապետության «նախագահ», «գերագույն գլխավոր հրամանատարը», Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները, մնացած պետական պաշտոնյաները: Այս լարված իրավիճակում նույնիսկ Շախմատի ֆեդերացիայի նախագահի կարծիքը չի հաջողվում իմանալ: Ասում եմ՝ կարո՞ղ է՝ հանրապետականներից ինչ-որ մեկի երեխայի ծնունդ–կնունք–հարսանիքն է, այս երեք օր է՝ նշում են, ու ժամանակ չունեն ժողովրդին դիմելու համար։

Սա պարզապես խայտառակություն է, որը ցույց է տալիս՝ ինչպիսի խոր քաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել Հայաստանը: Եթե լուրջ նայենք ստեղծված իրավիճակին և իշխանությունների պահվածքին, նրանց անգործությունը միանգամայն հասկանալի է: Իսկ ի՞նչ պետք է ասի Սերժ Սարգսյանը հասարակությանը: Գալուստ Սահակյանի, Շարմազանովի, Աշոտյանի ու Հերմինե Նաղդալյանի մասին էլ չեմ խոսում: Ի՞նչ ուղերձով նրանք պետք է դիմեն ժողովրդին կամ ոստիկանական բաժանմնունքը գրաված մարդկանց:
Իրենց խոսքը միայն ավելի կսրի իրավիճակը, քանի որ ատելությունն ու անվստահությունը հասել են կրիտիկական այն մակարդակին, որ հասարակությունն իրենցից միայն մեկ սպասելիք ունի: Իշխանությունները վստահության նշույլ անգամ չեն թողել և բացարձակ հեղինակություն չունեն քաղաքացիների մոտ, որ կարողանան կատարել իրենց պարտականությունները և հանգստացնեն ժողովրդին, փորձեն կարգավորել իրավիճակը և քայլ կատարեն արյունահեղությունից խուսափելու համար:

Պարզունակ՝ իրենց հատուկ, «ջայլամային» մարտավարությունն են ընտրել ու չխոսելով խնդրի քաղաքական բովանդակության մասին՝ փորձում են տպավորություն ստեղծել, թե խնդիր իրականում չկա, և տեղի ունեցող իրադարձությունները քրեական հարթության վրա են գտնվում: Սա լուրջ մտահոգության առիթ է, քանի որ երկիրը կանգնած է գրեթե անխուսափելի պատերազմի շեմին, և եթե ոչինչ չփոխվի, այս մարդիկ պետք է առաջնորդեն մեր ժողովրդին նաև պատերազմի ժամանակ: Իսկ այդ պայմաններում իրենց տկարությունն ու հեղինակության բացակայությունը կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը