Լրահոս

18.07.2016 06:49


Գիշերն իրավապահների կողմից որևէ գործողություն չի իրականացվել (տեսանյութ)

Գիշերն իրավապահների կողմից որևէ գործողություն չի իրականացվել (տեսանյութ)

Այս գիշեր իրավապահներն այդպես էլ որևէ գործողություն չեն իրականացրել՝ ազատ արձակելու «Սասնա ծռեր» խմբի կողմից վերցված ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդն ու այնտեղ պահվող ոստիկաններին։

Ըստ ստացվող տեղեկությունների՝ գիշերն ազատ է արձակվել պատանդներից ևս մեկը, և այժմ «Սասնա ծռեր» խմբի անդմաների ձեռքում է 5 ոստիկան, այդ թվում՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Հիշեցնենք, որ խումբը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը և իշխանության փոխանցումը ժողովրդի վստահության կառավարությանը, իսկ այդ բանակցությունները վարելու համար պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին։

Նախօրեին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ասել էր, որ մի խումբ զինված անձանց կողմից իրականացված հարձակման հետևանքով սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Հայտ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը և ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Եվս մի քանի հոգի այլ մարմնական վնասվածքներ են ստացել:

Նա նշել էր, որ ոստիկանությունը և իրավապահ ողջ համակարգն ունեն ուժեր ու միջոցներ, և ձեռնարկելու են անհրաժեշտ կանխարգելիչ ու օպերատիվ հետախուզական միջոցներ՝ հավելելով, որ եթե իրենց հորդորները չլսվեն, ապա իրենք ի վիճակի են վնասազերծելու զինված խմբին:

-Քանի դեռ չենք կորցրել հույսը՝ բանակցություններով ավարտելու այս ողջ գործընթացը, մենք շարունակելու ենք բանակցել,-ասել էր փոխոստիկանապետը:

ԱԱԾ–ից էլ հայտնել էին, որ բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները «փորձում են համոզել ահաբեկիչներին» զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին:

«Դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ»,–ասված էր ԱԱԾ հայտարարությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը