Քաղաքական

17.07.2016 22:35


«Քանի մեր իշխանությունները խելք չեն հավաքում, այսպիսի բաներն ավելանալու են». Եղիշե Պետրոսյան (տեսանյութ)

«Քանի մեր իշխանությունները խելք չեն հավաքում, այսպիսի բաներն ավելանալու են». Եղիշե Պետրոսյան (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շրջակա այն տարածքը, որտեղ թույլատրելի է մուտքը, անընդմեջ մտահոգ քաղաքացիներ են մոտենում՝ տեղեկանալու համար, թե ինչ է տեղի ունենում: Նրանց թվում է նաև ստեղծված իրավիճակից անհանգստացած երաժիշտ Եղիշե Պետրոսյանը, ով նշում է, որ ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն, և ստեղծված իրավիճակն իշխանության վարած քաղաքականության պատասխանն է․

«Քանի մեր իշխանությունները խելք չեն հավաքում, այսպիսի բաներն ավելանալու են, արդեն այդ համոզմանն եմ գալիս, որովհետեւ չի կարելի անընդհատ անտեսել ամեն բան: Չի կարելի: Ինչի՞ պետք է այդ լավ տղերքը բերդերում լինեն, երբ որ նրանք կարող են շատ լավ նախագահի խորհրդականներ լինեն: Ի՞նչն են սխալ ասում, որ պետք չէ՞ հող հանձնել, ես էլ եմ դա ասում: Զենք չեմ վերցրել, բայց ես էլ դա ասում եմ: Եկեք ազնիվ լինենք. ինչքա՞ն փչացնենք մեր ազգին: Ինչքա՞ն մենք հետ մնանք, ինչքա՞ն մենք անարժանապատիվ մնանք»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Եղիշե Պետրոսյանը:

Երաժիշտը չի կարող ասել, թե ինչու խումբը գնաց նման քայլի, սակայն յուրաքանչյուր հայի համար հարց է հնչեցնում՝ դուք ուզո՞ւմ եք հող հանձնել․

«Չի կարելի մեր երկիրը սարքել ընդամենը շեֆին հաճոյանալու գործ և ամբողջ Կառավարությամբ լծվել այդ գործին, հասկանո՞ւմ եք, ես արդեն անհանգստություն ունեմ, ո՞ւր է մեր էդ ազատասեր տեսակը, ո՞ւր է մեր այն թասիբով տեսակը»:

Դիտարկմանը, թե ստացվում է՝ սա ծայրահեղ այն կետն է, որի համար լուծման այլընտրանք չկար, Պետրոսյանը պատասխանում է․

«Իմ հայրը, երբ որ ես փոքր տղա էի, ինձ ասում էր՝ երբ որ կռիվ կանես, դիմացինիդ միշտ հնարավորություն տուր վերջին պահին փախնելու, փրկվելու, արժանապատվությունը պահելու, հակառակ դեպքում ինքը կենաց-մահու կռիվ կտա քեզ հետ: Հիմա նույն իրավիճակն է. չի կարելի էսքան անտեսել, էսքան արհամարհել թե՛ ժողովրդի ցավը, թե՛ ժողովրդի խեղճությունը, թե՛ ժողովրդի պահանջը»:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը