Քաղաքական

17.07.2016 19:09


Հունան Պողոսյան. «Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցում բանակցություններին»

Հունան Պողոսյան. «Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցում բանակցություններին»

-Ոստիկանությունը և իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները բերված են մարտական իրավիճակի, սակայն նրանց հատուկ գործողություններ կատարելու ցուցում տրված չէ: Առայժմ ընթանում են բանակցություններ,-այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցում բանակցություններին, և նման մտադրություն առայժմ չկա:

-Ներսում դեռևս զինված խումբը պահում է պատանդներին՝ ոստիկանության աշխատակիցներին, որոնք մոտավորապես 6-ն են: Կրկին անգամ հորդորում ենք հեռու մնալ սադրանքներից, հանցագործություններից, մարդասպանություններից և ավելորդ արյունահեղությունից: Եթե զինված խումբը հայտարարում է, որ վերցրել են մեր գնդի զենքերը, ապա չարաչար սխալվում եք. ի սկզբանե զինված հարձակում է եղել:

Փոխոստիկանապետը ասել է, որ զինված խմբի պահանջը չի փոխվել՝ նրանք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Նա հավելել է, որ վիրավորներին և մահացածի դին արդեն տեղափոխել են:

-Վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում է: Վիրավորները գտնվում են և՛ քաղաքացիական հիվանդանոցներում, և՛ Մուրացանի անվան հոսպիտալում,- պարզաբանել է Հ.Պողոսյանը՝ ավելացնելով, որ նաև վիրավորվել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության օպերատորը:

Նա կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին և ապատեղեկատվությանը չտրվել՝ հավելելով, որ կատարվածը լոկալ բնույթ է կրում, և ամեն ինչ կատարվել է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի ներսի հատվածում:

-Վերահսկողությունը շարունակում է իրականացվել, ուղղակի չենք ուզում՝ արյունահեղություն լինի: Եվս մեկ անգամ հորդորում ենք հանձնվել իշխանություններին,- հայտարարել է Պողոսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը