Լրահոս

17.07.2016 11:13


ԱԱԾ հայտարարությունը

ԱԱԾ հայտարարությունը

Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ Այս մասին ասվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարությունում։

Միաժամանակ, նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Պետական իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով, իսկ իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրականացնում են օրենքով իրենց վերապահված հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության ապահովման գործառույթները: Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:

«Հավաստիացնում ենք, որ ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ անօրինական գործողություն անհապաղ խափանվելու է իրավապահ մարմինների կողմից, իսկ դրանք կատարած անձինք վնասազերծվելու են և պատասխանատվություն են կրելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Այս խորագրի վերջին նյութերը