Կարծիք

17.07.2016 10:57


ՀՀ իշխանությունները մեզ կանգնեցրել են վատթարագույնի (պատերազմի) ու դանդաղ մահի (տարածքների վերադարձի) երկընտրանքի առջև

ՀՀ իշխանությունները մեզ կանգնեցրել են վատթարագույնի (պատերազմի) ու դանդաղ մահի (տարածքների վերադարձի) երկընտրանքի առջև

ՀՀ արտաքին քաղաքականության թուլության հենքային պատճառների մասին արտահայտվել եմ դեռևս երկու տարի առաջ. «Դիվանագիտություն` առանց արտաքին քաղաքականության» http://www.azatutyun.am/a/25417274.html, «Եվրասիական միությունը դանդաղ գործողության ական է ԼՂ հիմնախնդրի հայանպաստ կարգավորման հեռանկարի համար» http://www.1in.am/1445205.html և այլ հարցազրույցներում, սակայն հրատապ համարեցի անդրադառնալ բոլորիս ամենահուզող` ԼՂ կարգավորման ներկայիս ճակատագրական փուլին: Մինչ այդ պետք է արձանագրել, որ 2008թ. սկսած ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը սուբյեկտիվ և օբյեկտիվ մի շարք պատճառներով աստիճանաբար սկվեց զրկվել իրական բովանդակությունից: Այս ընթացքում հայկական կողմը զբաղված էր ավելի շատ ադրբեջանական նախաձեռնությունների պոստ-ֆակտում և շատ դեպքերում անհաջող չեզոքացմամբ: Ադրբեջանական «մաքսիմալիստական» դիրքորոշմանը մենք լավագույն դեպքում հակադրում էինք «միջազգային հանրության հետ մեր դիրքորոշումների համընկնումը» անիմաստ ու անարդյունք հորդորները: Բանակցային գործընթացն առավել ճկուն ու ակտիվ պահելու, սեփական նախաձեռնություններով ու առաջարկներով հանդես գալու փոխարեն, հայկական կողմը ստատուս քվոն պահպանելու միակ մտահոգությամբ ու հիմնարար ձգտմամբ, փակուղի մտցրեց ողջ բանակցային գործընթացը, ի վիճակի չլինելով կասեցնել Բաքվի հետ ՌԴ-ի կողմից մեծածավալ սպառազինությունների վաճառքի գործարքը: Կասկած չկա, որ բանակցային գործընթացի բացակայությունն ու հատկապես վերջին տարիների ընթացքում սպառազինությունների հավասարակշռության կտրուկ խախտումը հնարավոր դարձրեցին Ադրբեջանի կողմից ռազմական միջոցով հաստատված ստատուս քվոյի փոփոխության ապրիլյան փորձը: Այս պահին ինձ համար առավել մտահոգիչն այնն է, որ «չորսօրյա» պատերազմից հետո էլ ՀՀ իշխանությունները շարունակում են նույն գործելակերպը, որը նորից կարող է մեզ տանել դիվանագիտական փակուղի և ուրեմն կանգնեցնել Հայաստանը նոր պատերազմի սպառնալիքի առջև: Իսկ ամենավտանգավորն էլ այն է, որ ստեղծված վիճակը քաջ գիտակցելով ՀՀ իշխանությունները փոխանակ քայլեր ձեռնարկեն մեր երկրի անվտանգությունն ու պաշտպանողականությունը շտապ կերպով բարձրացնելու ուղղությամբ, փորձեր են անում քարոզելու պարտվողականությունն ու շոշափելու հանրության տրամադրությունները Արցախում՝ տարածքները հանձնելու նկատմամբ: Ապրիլյան պատերազմից հետո իշխանություն-ժողովուրդ առկա առանց այդ էլ հսկայական անջրպետը, մեր ժողովրդի մոտ սեփական ուժերի նկատմամբ անվստահությունն ու Հայոց պետականության խոցելիության զգացումը էլ ավելի խորացրեցին ՀՀ իշխանությունների հետևյալ քայլերը.
• Անմիջապես ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրությանը /ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների միջոցով/ բացահայտ կեղծ տեղեկություններ հայտնվեցին հայկական կողմի կորուստների ու պատերազմի արդյունքների վերաբերյալ
• Ի սկզբանե անիրագործելի նախապայմաններ դրվեցին բանակցությունների վերսկսման համար, ու նախաձեռնվեց ԼՂՀ ճանաչման անհասկանալի ու անավարտ գործընթաց, ինչը ոչ միայն զրկեց հայկական կողմը պատերազմից անմիջապես հետո համանախագահ երկրների հետ միասին նոր առավել շահեկան դիվանագիտական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունից, այլ էլ ավելի թուլացրեց մեր առանց այդ էլ թույլ բանակցային դիրքերը
• Վիեննայի հանդիպումից հետո լծվելով հողերի հանձնման քարոզչությանը, առաջ քաշելով «խաղաղությունն ավելի լավ է պատերազմից», իսկ «հողերի համար չարժ է զոհաբերել հայ զինվորների կյանքը» անբարո հիմնավուրումը, իշխանությունները փաստորեն պատերազմի
մեջ գտնվող մեր հանրությանը կանգնեցրին տարածքները հանձնելու և մարդկային կյանքերը պահպանելու անընդունելի և վտանգավոր երկընտրանքի առջև: Չստանալով որևէ հստակ երաշխիքներ ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ, իշխանությունները ոչ միայն բարոյալքող ազդակ տվեցին մեր ժողովրդին ու բանակին, այլև բանակցային անավարտ գործընթացում հակառակորդին` հայկական կողմի միակողմանի զիջումների գնալու պատրաստակամության մասին:
Եվ վերջապես, Վարշավյան ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում ՀՀ ղեկավարության այն խոսքերը, որ «ստատուս քվոն կարող է փոխվել եթե ճանաչվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը» վերահաստատեց կասկածներն ու մտավախությունները առ այն, որ ՀՀ իշխանությունները ընդհանուր առմամբ պատրաստ են «ստատուս քվոյի» փոփոխմանը: Եվ դա այն պայմաններում, երբ փաստորեն հստակ չէ ոչ միայն վաղուց միջազգային հանրության կողմից ճանաչված Արցախի «ինքնորոշման իրավունքը», այլև դրա ապագա «իրացման» հարցը: Փաստորեն, սեփական անկարողության ու անհեռատեսության արդյունքում, գտնվելով օտար ուժի հսկայական ճնշման տակ, ու արդյունքում խուսավարելու որևէ հնարավորությունից զրկված ՀՀ իշխանությունները մտցրել են մեր երկիրն ու ժողովուրդը ճակատագրական փակուղի: Մեզ կանգնեցրել են ոչ թե «վատի ու վատթարագույնի» միջև ընտրություն կատարելու, այլ` վատթարագույնի (պատերազմի) ու դանդաղ մահի (տարածքների վերադարձի) երկընտրանքի առջև: Այստեղ տեղին է վերհիշել Կ.Զարյանի հետևյալ խոսքերը. «Երբ կորցնում ես ճանապարհը` մնում է առաքինությունը. երբ կորցնում ես առաքինությունը` մնում է բորայականությունը. երբ կորցնում ես բարոյականությունը` մնում է օրենքը. երբ կորցնում ես օրենքը` մնում է սովորությունը: Իսկ սովորությունը բարոյականի արտաքինն է միայն և նրանից սկսվում այլասերումը: Ասել է նախ՝ ճանապարհը.... Հայոց ազգը կորցրել է ճանապարհը, և պահել է միայն սովորությունները... Կորցրել է ոգին, պահել է ձևը... Մենք պարտված ենք»: Հիրավի այս խոսքերը արդիական հնչեղություն ունեն: Այսօր էլ Հայաստանի ղեկավարները, այլ ոչ թե «Հայ ազգը» նույնպես կորցրել են ճանապարհը….: Սակայն վստահ եմ, որ մենք` ՀՀ քաղաքացիներս «պարտված» չենք և դեռ ունենք անգամ այս օրհասական վիճակից դուրս գալու ելք` հավատալով մեր ուժերին ու մեր Հայոց պետականության ապագային, համախմբվելով ու հարթելով մեր ճանապարհը դեպի նոր Հայաստան` նոր առաջնորդներով, նոր ոգով ու նոր տեսլականով:

Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը