Մեկնաբանություն

16.07.2016 09:40


Սոֆի Լորենը, Հրանուշն ու Գալուստը՝ չհաշված գործարարությունը

Սոֆի Լորենը, Հրանուշն ու Գալուստը՝ չհաշված գործարարությունը

Պատմում են, որ 2008-ին հայտնվելով Բաղրամյան 26-ում՝ Սերժ Սարգսյանը սկսում է նախատել գերատեսչական ծրագրերով նախատեսված փառատոններ և համաժողովներ անցկացնող նախարարությունների պատասխանատուներին՝ ասելով. «Չեք տենո՞ւմ, որ ներքաղաքական իրավիճակը լարված ա, էս պահին ո՞րն ա նման բաներ կազմակերպելու իմաստը»:

Դե, մտքինը պարզ էր՝ ցանկացել է ասել՝ մի քիչ համբերեք, մինչև «արմատականներին» երկխոսացնեմ, հետո ինչ ուզում եք՝ արեք:

Իսկ հիմա, երբ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացն ակտիվացել է, գերտերությունների ղեկավարներն ու տարբեր տրամաչափի պաշտոնյաները խնդրի հանգուցալուծումն արագացնելու անհրաժեշտության մասին են հայտարարում, և գրեթե ամեն օր գրվում ու խոսվում է տարածքներ հանձնելու մասին, Սերժ Սարգսյանը ձևացնում է, թե հայկական կողմի համար վտանգավոր ոչինչ չկա ու ներքին լսարանի համար ինչ-ինչ «շոուներ» է արտոնում:

Օրինակ՝ Հրանուշ Հակոբյանի թամադայությամբ՝ անցկացվում է «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորում», որի ժամանակ Սփյուռքի նախարարը երկրում գործարարությունը խթանելու նպատակով ինչ-որ զվարճալի ճառ է արտասանում՝ մեջբերելով Սոֆի Լորենի խոսքերը, թե երիտասարդները նման են շատրվանի, որից հորդում են միտքը, տաղանդը ստեղծագործությունը: Հետո էլ ընկել է հայրենասիրական զեղումների մեջ և ճառն ավարտել Սևակի խոսքերով, թե՝ կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք:

Ինչ արած, անհարկի ճոռոմաբանությունից տիկինն իրեն լավ է զգում և կարծում է, թե հայրենիքում գործ դնելու համար երիտասարդներին պետք է այցելի Սոֆի Լորենի մուսան: Այն հայրենիքում, որտեղից վերջին տարիներին մազապուրծ եղածի պես փախել են ներդրողները: Իսկ վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված Հարկային նոր օրենսգիրքը իսկական դագանակ է, որ իջնելու է մանր ու միջին բիզնեսի գլխին: Բայց դե, Հրանուշին ի՞նչ կա. ճառ է՝ ասում է, երկար-բարակ մտածելու ժամանակ չունի, հանրությանը վռազ ոգեշնչել է պետք, թե տեսե՜ք՝ երիտասարդները եկել են, ու հայրենիքը սոֆիացել է, գործարար ջիղն էլ հետներն են բերել, որպեսզի գործ անեն: Էդ հեչ, որ ներդրումային մթնոլորտը Հայաստանում, մեղմ ասած, անբարենպաստ է: Հայերեն ասած՝ սաղ ըլնի Սոֆի Լորենի մուսան: Հա՛, մեկ էլ Հրանուշը, որը անցյալ տարի սփյուռքահայերից 1000-ական դոլար էր ուզում, բայց ոչ ոք ձեռքը գրպանը չտարավ: Ոչի՛նչ, ջահելները կարող են Սոֆիի մուսայի ներշնչանքով հայկական գործարար աշխարհում հեղափոխություն անել (եթե 50 տոկոս փայի պահը բացառվի, ինչը ֆանտաստիկա է):

Մյուս կողմից էլ, նկատում ենք, որ, կարծես, Գալուստ Սահակյանը բանուգործ չունի: Մարդը պարապությունից ուր որ է՝ հորանջում էր, մեկ էլ, ըհը՛, էլի Հրանուշ Հակոբյանը «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին «թևի տակ դրած»՝ տարավ Գալուստի հետ հանդիպման: Այստեղ էլ ահագին ճառեր, ծափ-ծլնգոց, Գալուստի հետ ֆոտոսեսիա ու «Սփյուռք-հայրենիք կապերն ամրապնդվեցին»: Նույնիսկ դժվարանում ես բնորոշել այս ամենը: ՀՀԿ ղեկավարն ամեն ինչ ավերել է ու ժողովրդին էլ հեղինակային ֆարսի մասնակիցն է դարձնում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը