Կարծիք

14.07.2016 14:58


Իսկ գուցե հենց Աշոտյա՞նը որևէ փաստաթուղթ չի տեսել

Իսկ գուցե հենց Աշոտյա՞նը որևէ փաստաթուղթ չի տեսել

Մի տեսեք՝ երեսպաշտության վարպետն ում ինչ է ասում, էլի: Հերիք չի՝ Արմեն Աշոտյանն ինքնուրույն կարողացել է գուշակել, թե որ կուսակցության անդամներն են քննադատում իշխանություններին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները փաստացի փակուղի հասցնելու և հայկական կողմի դիրքերը թուլացնելու համար, մի բան էլ ասում է, թե Իլհամ Ալիևի ուրախությունն ընդամենը բլեֆ է վատ խաղի պայմաններում:

Նախ՝ պարոն Աշոտյանին հիշեցնեմ, թե ինչպես էր ինքը ժպտում, երբ անցած տարվա ամռանը Բաղրամյան պողոտայում ժողովուրդն ասում էր, թե ինչ է մտածում իր մասին, և ցույց տալիս «ճանապարհը դեպի պայծառ ապագա»: Ի՞նչ է դա, եթե ոչ «хорошая мина при плохой игре»: Աշոտյանն ու շատ հանրապետականներ այդ հնարքի վարպետն են: Երկրորդն էլ, մինչև հիմա չիմանալ հանրաքվեի, պլեբիսցիտի ու «չգիտեմ՝ ինչի» տարբերությունը նույնիսկ Աշոտյանի համար է ամոթալի:

Եվ որպեսզի Աշոտյանն այնքան էլ չնեղանա, որ իր ասածները լուրջ չեն ընդունում և միայն ծաղրում են իրեն մտավոր արատների և մանկամտության համար, ինչն, իհարկե, սխալ է, անդրադառնամ իր բարբաջանքների բովանդակային մասին: Ուրեմն, ասում է, թե քննադատները չեն տեսել որևէ փաստաթուղթ, որը կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեն (այո, պարոն Աշոտյան, դա հանրաքվե էր...բացեք բառարանը, բացատրությունն ինքներդ նայեք): Ինչ նկատի ուներ այս շոումեն հանրապետականը՝ հասկանալի չէ: Այն, որ քննադատները չեն տեսել կազանյան համաձայնագրի օրիգինալը, որին համաձայնել էր Սերժ Սարգսյանը, և որի մասին հենց ինքն էլ հայտարարել է: Չգիտենք մադրիդյան սկզբունքների՞ մասին, որ ժամանակին ընդունվել էր որպես բանակցային փաստաթուղթ, և որի իրականացման անթույլատրելիությունը գիտակցում էին այն ժամանակվա իշխանությունները, և որն այսօր փորձում է իրականացնել Սերժ Սարգսյանը:

Իսկ գուցե հենց Աշոտյա՞նը որևէ փաստաթուղթ չի տեսել ու տեղյակ չէ բանակցային գործընթացից, և, հաշվի առնելով իր մտավոր ունակությունները, որոնց պատճառով մի ամբողջ սերունդ ենք փչացրել, չի կարողանում ինքնուրույն վերլուծություն անել և տեսնել ակնհայտը: Կամ էլ պարզապես բլեֆ է անում վատ խաղի պայմաններում, միևնույն է՝ իր խոսքը որևէ արժեք չունի, փոխարենն ունի գին, որն, ըստ ամենայնի, այնքան էլ թանկ չէ:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը