Կարծիք

14.07.2016 11:07


Իսկ ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում ՀՀԿ-ն, պարո՛ն Շարմազանով

Իսկ ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում ՀՀԿ-ն, պարո՛ն Շարմազանով

Չես իմանում՝ լա՞վ է, որ իշխանության ներկայացուցիչները խոսում են ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրների մասին, թե՞ լավ է, երբ, օրինակ, նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը երկրի համար ծանր պահին գնում է մանկական շախմատ նայելու:

Վերջերս Վարդան Օսկանյանը հարցազրույցներից մեկում կոշտ քննադատության էր ենթարկել իշխանությունների գործունեությունը, մատնացույց արել վրիպումները, որոնք հանգեցրել էին թշնամու՝ ապրիլյան հայտնի գործողությանը, որն էլ բերել էր մարդկային ու տարածքային զգալի կորուստների:

Հանրապետական նախկին երիտասարդ Շարմազանովն էլ, որը, բախտի բերմամբ, բարձր պետական պաշտոն է զբաղեցնում (ամոթ մեզ, որ դա թույլ ենք տվել), մեկնաբանելով փորձառու դիվանագետի քննադատությունը, ասում է, թե «պարզ է՝ ում ջրաղացին է Օսկանյանը ջուր լցնում»: Իհարկե, պարզ է, պարո՛ն Շարմազանով. Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոգ քաղաքացիների ջրաղացին է ջուր լցնում: Մի օր կլինի՞ մի լավ բան էլ դուք անեք, ձեր «ջրաղացին էլ ջուր լցնեն»: Կամ այդ ո՞ւմ ջրաղացն նկատի ունեիք:

Վարդան Օսկանյա՞նն է տնտեսությունը ծնկի իջեցրել և շարունակում այն կործանել: Վարդան Օսկանյա՞նն է Հայաստանը վերածել միջազգային հարաբերությունների օբյեկտի, որ ոչ ոք այլևս մեր կարծիքի հետ հաշվի չի նստում: Թե՞ Վարդան Օսկանյանի մեղքն է, որ մեր բանակը 80-ականների զենքով է կռվում, դուք էլ «անմշակ ու անպիտան» հողեր եք հանձնում թշնամուն:

Այս դեպքում հարց է ծագում՝ բա ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում ՀՀԿ-ն, պարո՛ն Շարմազանով: Կարծեմ՝ Ալիևն էլ իր հայտնի ելույթներից մեկում նշել էր, որ Սերժ Սարգսյանն ու դուք իր կարևորագույն գործընկերն եք Ղարաբաղը «վերադարձնելու» գործում։ Դուք էլ ջանք ու եռանդ չեք խնայում Ալիևի՝ թիվ մեկ գործընկերոջ ստատուսը չկորցնելու համար: Ի՞նչ եք առաջարկում՝ լուռ նստենք ու նայենք՝ ո՞նց եք երկիրը կործանում: Բա այդ դեպքում մենք ինչո՞վ ենք ձեզանից տարբերվելու կամ ու՞մ գործընկերն ենք դառնալու: Երբ ասում եմ «մենք», նկատի ունեմ քաղաքացիական գիտակցություն ունեցող բոլոր հայերին:

Հ.Գ. Նույն Ալիևն էլ Շարմազանովի տիրոջ հետ հանդիպումից հետո այնքան ուրախ էր, որ տպավորություն է ստեղծվում, թե Սերժ Սարգսյանը դեպի Ալիևի ջրաղաց մի առանձին ջրատար խողովակ է քաշել կամ Արաքսի հունը փոխել, որ մի լաաաավ ջուր հասնի ջրաղացին:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը