Կարծիք

13.07.2016 17:12


«Վաճառվում է կամ տրվում վարձով»

«Վաճառվում է կամ տրվում վարձով»

Քաղաքի կենտրոնում քայլելիս նկատում եմ, որ օրեցօր ավելանում են «Վաճառվում է կամ տրվում վարձով» երբևէ խանութ կամ սրճարան եղած, իսկ այժմ՝ դատարկ տարածքների վրա փակցված հայտարարությունները, և սա այն պարագայում, երբ զարգացած աշխարհում խոշոր քաղաքների կենտրոններում գտնվող տարածքները սպառողական բիզնեսի տեսանկյունից համարվում են ամենապահանջվածը։ Այդպես է մյուս երկրներում, բայց ոչ Հայաստանում և մայրաքաղաք Երևանում։

Երբ նման հայտարարությունների ես հանդիպում մեկ-երկու անգամ, ապա դեռ կարելի է մտածել, որ գուցե մարդը չի կարողացել ճիշտ տնօրինել իր բիզնեսը, և ահա դրա արդյունքը։ Բայց երբ այդ հայտարարությունները զանգվածային բնույթ են կրում, հասկանում ես, որ խնդիրը գործարարի անհաջողակ լինելը չէ, այլ երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի արդյունքն է։

Օրերս պարզվել է, որ այդ «Վաճառվում է» շարքին պատկանող, երբեմնի բավականին լավ աշխատող խանութներից մեկի սեփականատերն իմ բարեկամն է։ Այստեղից-այնտեղից խոսելով՝ հասանք նրա խանութին, և «Բայց ոնց որ բավականին աշխույժ էր առևտուրը, ինչո՞ւ որոշեցիր փակես» հարցիս բավականին էմոցիոնալ պատասխան ստացա։

«Ա՛յ բալամ, տո բա էլ ի՞նչ անեմ։ Արդեն ստեղս ա հասցրել էս անտեր երկիրը։ Առանց էդ էլ չեմ հասցնում հարկերը և տոկոսները վճարեմ, հիմա էլ նոր հարկեր են ուզում վզիցս կախեն, ոնց տեսնում եմ։ Խեղդում են, խեղդում, բա ի՞նչ անեմ։ Ճար ունե՞մ։ Էդ անտեր բիզնեսը հո ընկեր-բարեկամների աչքը մտնելու կամ ինքնահաստատվելու համա՞ր չի. էդ անտերը գումար վաստակելու ու ընտանիք պահելու համար է։ Իսկ ես հերիք չէ, որ դա չեմ կարողանում ապահովել, քանի որ առանց էդ էլ մարդկանց սոցիալական վիճակի վատթարացումը լուրջ հարված է խանութին, որովհետև շարժը կրճատվել է, հիմա էլ ուզում են հարկերն ավելացնեն։ Տո գործ չունեմ, շուտ անեմ՝ վաճառեմ, փողը ստանամ, գնամ Ռուսաստան, այնտեղ իմ անելիքը տեսնեմ», - ասաց նա։
Ահա այսպիսի պատմություն։ Փոխանակ այնպես անեն, որ երկրում տնտեսական վիճակը նպաստի բիզնեսի զարգացմանը՝ անում են այնպես, որ մարդիկ իրենց կապիտալը երկրից դուրս հանեն։

Ինչպես ասում էր «դասականը»՝ «Ե՞ս եմ մեղավոր, որ քո տղան արտագաղթել է»։ Դե, բայց իշխանության ղեկին գտնվող այդ «դասականին» հո չե՞ս համոզի, որ արտագաղթել է, քանի որ երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը ծայրաստիճան ճնշող է։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը