«Նախաձեռնողական» դիվանագիտությունն ու խճճված քարոզը
Ալիևն ու միջնորդներն իրենց գոհունակությունն են հայտնում Ղարաբաղի հարցով ընթացող բանակցություններից:
Ալիևը շատ առարկայական է խոսում: Նա ասում է, թե ինչն է իր ուզածը, և պնդում, որ սեղանի վրա փուլային տարբերակն է: Հայկական կողմն ընդհանրական և հուզական ձևակերպումներից այն կողմ չի անցնում:
Պաշտոնական Երևանը փորձում է հերքել Ալիևին, բայց որքան շատ է փորձում, այնքան հակառակն է ստացվում:
Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» դիվանագիտությունն այժմ դրսևորվում է խճճված քարոզչության և իրարամերժ քաղաքական քայլերի տեսքով:
ՀՀԿ ղեկավարն «այո» է ասել հակամարտության կարգավորման կազանյան, այն է՝ փուլային տարբերակին, բայց դա ուզում է ներկայացնել որպես հայկական կողմի ձեռքբերում՝ «Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում» թեմայով:
Սրանք ուզում են հինգ շրջանները հանձնելուց հետո Ղարաբաղին տրվելիք անիմաստ ու անբովանդակ միջանկյալ կարգավիճակը հետագայում ներկայացնել որպես հայկական կողմի հաղթանակ, բայց դե...
Ուշագրավն այն, է որ «ռազմահայրենասիրական» հռետորաբանությանը զուգահեռ՝ շարմազանովների շուրթերով տարածքները հանձնելու քարոզ է սկսվել: Բացի այդ՝ իշխանությունները տարածում են, թե, իբր, բանակցում են և տարածքները զիջելու պատրաստակամություն են հայտնում մադրիդյան սկզբունքների շրջանակներում:
Մադրիդյան սկզբունքները, մեղմ ասած, հեռու են իդեալական լինելուց, սակայն այդ սկզբունքների հիմքում Ղարաբաղի ինքնորոշման ու կարգավիճակի հարցն էր: Մինչդեռ այժմ նման բան չկա. Սարգսյանը լրիվ այլ հարթության մեջ է դրել Ղարաբաղի հարցով բանակցությունները:
Մադրիդյան սկզբունքները փուլային տարբերակից Ղարաբաղի հարցը դուրս բերելու և բանակցային գործընթացը որակապես նոր հարթության մեջ դնելու քայլ էին: Եվ ամենակարևորը՝ 1998-ից հետո հայկական կողմը կարողացավ 10 տարի պահել խաղաղություն և թույլ չտալ հակառակորդի լկտիացում (2008-ից հետո ճիշտ հակառակ պատկերն է. հակառակորդը լկտիացավ և ապրիլյան բախումների արդյունքում էլ փոխեց 1994-ից հետո հաստատված ստատուս քվոն հօգուտ իրեն):
Մադրիդյան սկզբունքները հայկական կողմը կարող էր օգտագործել ի նպաստ սեփական շահերի, եթե 2008-ից հետո ունենայինք ոչ թե «նախաձեռնողական», այլ բովանդակային ու հստակ ուղեգիծ ունեցող քաղաքականություն:
Մադրիդյան սկզբունքների շրջանակներում հայկական կողմը շեշտը դնում էր ինքնորոշման ու հանրաքվեով Ղարաբաղի վերջնական ճակատագիրը որոշելու հնարավորության վրա, իսկ ադրբեջանական կողմը պնդում էր տարածքային ամբողջականության թեզը: Կախված այն բանից, թե ինչպիսի ռազմաքաղաքական, դիվանագիտական ու տնտեսական հաշվեկշիռ կունենայինք՝ մադրիդյան սկզբունքներն ըստ այդմ էլ կկիրառվեին: Սարգսյանի նախագահության շրջանում բոլոր այս երեք ուղղություններում էլ հաշվեկշիռը փոխվել է ի վնաս Հայաստանի: Արդյունքում՝ Ղարաբաղի ինքնորոշման ու կարգավիճակի հարցը դուրս են մղվել հակամարտության կարգավորման փաստաթղթերից, և քննարկման առարկա է դարձել տարածքների հանձնման կամ ավելի ճիշտ՝ մեր միակողմանի զիջումների ժամանակացույցի հստակեցման հարցը:
Այն, ինչին համաձայնել է Սարգսյանը Կազանում, և այն, ինչ հիմա քննարկվում է, բացարձակապես կապ չունի մադրիդյան սկզբունքների հետ: Կազանում հայկական կողմը համաձայնել է տարածքներ հանձնել, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվել է անորոշ ապագային, ինչը փաստացի նշանակում է Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, այսինքն՝ գնալ կապիտուլյացիայի:
Բանակցություններն այժմ ընթանում են «Տարածքներ՝ պատերազմի չվերսկսման դիմաց» տարբերակով: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը վերադարձել է 1998-ի տխրահռչակ փուլային տարբերակին: Բայց որպեսզի չկրկնվի 1998-ի ներքաղաքական սցենարը, հանձնողականությունը ձգտում է քողածածկել «հայրենասիրական» քարոզով ու «Սերժն ի՞նչ մեղավոր է. ինքը վատ ժառանգություն է ստացել» դեմագոգիկ լոզունգով:
Քարոզով, սակայն, հեռու չես գնա և հանրությանը չես մոլորեցնի: Գալիս է արածների ու չարածների համար պատասխան տալու ժամանակը:

Կորյուն Մանուկյան