Կարծիք

12.07.2016 15:17


Հայկական կողմը չի մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին

Հայկական կողմը չի մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին

Վերջին շրջանում ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Դա կարելի կլիներ դրական գնահատել, եթե չլիներ մեկ «բայց»: Դա այն է, որ բանակցություններին գրեթե չի մասնակցում հայկական կողմը: Ընդ որում, չի մասնակցում ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանը:

Մեր երկիրն այս գործընթացում Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով վերածվել է միջազգային հարաբերությունների օբյեկտի: Ռուսաստանի ԱԳ նախարարը մեկնում է Բաքու, Ալիևի հետ քննարկում կարգավորման խնդիրները, այնուհետև գնում է Ղազախստան. երևի թե Նազարբաևն ավելի մեծ ներգրավվածություն ունի այս գործընթացում, քան Սերժ Սարգսյանը: Այսօր էլ հայտնի դարձավ, որ Ջոն Քերրին է մեկնում Մոսկվա և իր այցի առանցքային թեմաներից մեկն էլ լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցը: Մեզ համար կենսական նշանակություն ունեցող այս խնդիրը դարձել է սակարկության առարկա գերտերությունների երկկողմ հարաբերություններում և միջոց՝ մեկը մյուսի վրա ազդելու համար:

Եվ այս վիճակը, որքան էլ ամոթալի և նվաստացուցիչ չլինի, բնական է և տրամաբանական: Դա Սերժ Սարգսյանի վարած խայտառակ և անսկզբունքային արտաքին քաղաքականության տրամաբանական հետևանքն է: Իր անհեռատես քայլերով այս մարդը Հայաստանը հասցրել է այն վիճակին, որ մեզ հետ այլևս ոչ ոք հաշվի չի նստում, մեր ազգային պետական շահերն էլ վերածվել են մանրադրամի ավելի խոշոր դիվանագիտական խաղում: Եվ այսօր արդեն միջազգային հանրությունը հարկ էլ չի համարում մեր կարծիքը հարցնել մեր երկրի անվտանգությանը վերաբերող կարևորագույն հարցի վերաբերյալ: Բոլորն էլ հրաշալի գիտակցում են, որ Սերժ Սարգսյանին ինչ էլ դեմ տան՝ խելոք համաձայնվելու է, եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համաձայնության գան:

Զարմանալին էլ այն է, որ մեր հասարակությունը դեռ չի գիտակցում ստեղծված իրավիճակի լրջությունն ու սպառնալիքը: Հուսով եմ, որ չի գիտակցում, որովհետև եթե գիտակցելով համակերպվում է, ապա Հայաստանը շուտով կհամալրի «կործանված պետությունների» շարքը՝ հայտնվելով Սոմալիի, Սուդանի ու Կոնգոյի կողքին:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը