Լրահոս

21.10.2010 17:36


«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ. «ՀՀ-ն ու Ադրբեջանն Արցախը վերածել են օբյեկտի»

«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ. «ՀՀ-ն ու Ադրբեջանն Արցախը վերածել են օբյեկտի»

Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի ժամանակ «Արցախի եվրոպական շարժում» (Արցախ, Ստեփանակերտ) ՀԿ-ի ներկայացուցիչ Հայկ Խանումյանը հայտարարել է, թե Արցախի Հանրապետության ճանաչման համակարգված, լրջորեն մշակված գործընթաց պետք է սկսվի, որի գլխավոր դերակատարները պետք է լինեն Արցախը, ՀՀ-ն և Սփյուռքը:

-Ինձ համար անընդունելի է քաղաքական որոշ ուժերի այն տեսակետը, թե դեռևս վաղ է Արցախի ճանաչումը խորհրդարան մտցնել՝ բանակցային պրոցեսին չխանգարելու համար: Եթե հարցը բանակցային պրոցեսն է, ապա Ադրբեջանը չպետք է զինվի: Ի վերջո,  մեր վերջնական նպատակներից մեկը կամ նախավերջին նպատակը Արցախի միջազգային ճանաչմանը հասնելն է, հետևաբար այդ ուղղությամբ հստակ քայլեր կատարելը բոլորովին չի վնասում բանակցային պրոցեսին: Ուղղակի բանակցային պրոցես ասելով չպետք է հասկանալ այն, ինչ Ադրբեջանին է ձեռնտու:

Նա նաև ցավ է հայտնել, որ այսօր Արցախի ձայնը նվազ լսելի է, ՀՀ-ն և Ադրբեջանը ԼՂՀ-ն վերածել են օբյեկտի.

-Իհարկե, մեր ամենամեծ և ամենագլխավոր փաստարկը Արցախի ամբողջ տարածքի բնակեցված լինելն է: Դեռ 1994թ. զինադադարից հետո ՀՀ ԱԱԽ-ում որոշում է կայացվել 10 տարվա ընթացքում Արցախի բնակչությունը հասցնել 300 հազ.-ի: Այդ որոշումից 16 տարի անց դրա կեսն էլ չունենք: Որո՞նք են պատճառները: Արդյոք տրվո՞ւմ են այս հարցերը, արդյոք ուսումնասիրվո՞ւմ են հայրենադարձությանը, վերաբնակեցմանը խոչընդոտող խնդիրները, քննվում Արցախից արտագաղթի պատճառները: Վստահաբար՝ ո՛չ,-ասել է Հ. Խանումյանը։-Գրեթե բոլորը նպատակահարմար են գտնում նստել ինչ-որ կաբինետներում ու խոսել միջազգային իրավունքից, պատմությունից կամ էլ մեծ տերությունների դիրքորոշումներից: Այնինչ տեղում են պետք մարդիկ, որ ապրեն արցախյան հասարակության մեջ, հասկանան նրա խնդիրները, խոսեն այդ խնդիրների մասին: Այսօրվա Արցախում խնդիրների մասին խոսելը մի շատ դժվար բան է դարձել: 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի հայության հիմնական խնդիրը Արցախը բնակեցնելն էր լինելու և կա: Հայությունը տապալել է իր այս խնդիրը: Հայերի մեծամասնության իդենտիկության մեջ Արցախը չի մտել, հայերի մեծ մասն Արցախում հաստատվել, աշխատել, արարելն իրենց ծրագրերի մեջ չեն մտցնում: Եվ սա ամենասարսափելին է: Ոչ մի փաստարկ չի աշխատելու, եթե տարածքդ թերբնակեցված է: Վեր կանգնենք մեր կաբինետային, ֆեյսբուքային ու բլոգային հայրենասիրությունից և բոլորս դեպի՛ Արցախ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը