Քաղաքական

09.07.2016 21:52


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը տարածքային կառույց հիմնեց Գյումրիում (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը տարածքային կառույց հիմնեց Գյումրիում (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրի քաղաքի տարածքային կազմակերպության հիմնադիր ժողովը, որին մասնակցել է 228 պատվիրակ։

Գյումրիում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության տարածքային կազմակերպության հիմնադիր ժողովին ներկա են եղել նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, կուսակցության վարչության անդամներ Մանվել Եղիազարյանը, Արեգնազ Մանուկյանը, կուսակցության անդամ Աղվան Պողոսյանը: Ժողովի աշխատանքներին մասնակցել են կուսակցության Սպիտակի և Ստեփանավանի կառույցների անդամներ:

Ժողովի մասնակիցներն ընտրել են 7 հոգուց բաղկացած խորհուրդ՝

1. Հունան Մազմանյան (ինժեներ շինարար),

2. Նարեկ Հովհաննիսյան (տնտեսագետ),

3. Սեդա Ղազարյան (միջազգայնագետ),

4. Սերգեյ Պապոյան (տնտեսագետ),

5. Վարդան Ալեքսանյան (ռեժիսոր),

6. Ռաֆայել Հովհաննիսյան (ծրագրավորող),

7. Տաթև Ասոյան (տնտեսագետ):

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրի քաղաքի տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի առաջարկով տարածքային կազմակերպության և խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց Հունան Մազմանյանը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրի քաղաքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվեց Նարեկ Հովհաննիսյանը։

Իր ելույթում կուսակցության վարչության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ասել է, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին ողջ ժողովուրդը համախմբվեց, և հիմա եկել է ժամանակը կրկի՛ն համախմբվելու։

–Ապաշնորհ քաղաքական գործիչները, իշխանավորները հիասթափեցրեցին մեզ, և նորից համախմբվելու ժամանակն է։ Մենք պարտավոր ենք մեր հայրենիքը, երիտասարդներին ոտքի կանգնեցնել,–նշել է Մանվել Եղիազարյանը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանն էլ ընդգծել է, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ չի ստեղծվել որպես հերթական կուսակցություն, այլ ձգտելու է դառնալ համախմբող առանցքային քաղաքական ուժ և հասարակական, քաղաքական լայն համախմբման միջոցով հասնել իշխանափոխության։

–Իշխանափոխությունը մեզ համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ փոխելու Հայաստանի սոցիալ–տնտեսական իրավիճակը, առկա քաղաքական պղտոր հարաբերությունները, և ամենակարևորը՝ Հայաստանին սպառնացող անվտանգության մարտահրավերներին պատասխանելու,–ասել է Ա. Թևանյանը։

Նա շեշտել է, որ եթե ԼՂ հակամարտության կարգավորման պարագայում մեր երկրի անվտանգությանը սպառնացող զարգացումներ լինեն, ապա ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ գեներացնելու է արտահերթ քաղաքական գործընթացներ։ Այլ պարագայում պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրություններին և ձգտելու է դառնալ քաղաքական մեծամասնություն խորհրդարանում։

–Եթե ընտրության արդյունքները համարենք ոչ լեգիտիմ, ապա մենք պետք է պատրաստ լինենք հետընտրական գործընթացների,–նշել է նա՝ հավելելով, որ պետք է այնպես անել, որ մինչև ընտրությունները քաղաքական մթնոլորտն արդեն իսկ փոխված լինի։

–Մենք ցանկության, կամքի և նվիրվածության պակաս չենք ունենա։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄՈՒՄ հավաքված են մարդիկ, ովքեր երբեք չեն շեղվել իրենց սկզբունքներից։ Մնացածը հասարակությունը պետք է գնահատի,–նշել է Ա. Թևանյանը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն իր ելույթում նշել է, որ կուսակցությունը խնդիր է դրել՝ ժողովրդի հետ երկրում օր առաջ հասնելու իրական փոփոխությունների։

–Մենք բավարարված չենք երկրում տիրող այս իրավիճակից։ Անկախությունից 25 տարի անց չեն լուծվել մեր ժողովրդի ամենակենսական խնդիրները։ Ժողովուրդը շատ բան չի ուզում՝ ընդամենը ապրել իր հողում, ապրել արժանավայել, ինչը սահմանադրական պահանջ է։ Բայց այդ նվազագույնն էլ չի ապահովվել։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ստեղծվում է շատ ճակատագրական պահի. արտագաղթը չի կանգնում, լճացում է գնում, ժողովուրդն օրեցօր բարոյալքվում է։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունում հավաքվել են մի խումբ նվիրյալներ, ովքեր անցած ճանապարհ ունեն, ովքեր գիտեն առկա խնդիրները, հավատում են, որ իսկապես այդ խնդիրները կարելի է լուծել, և լուծել շատ արա՛գ,–ասել է Վ. Օսկանյանը։

Նա ընդգծել է, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանն անդամակցությունն այնքան է, որքանով օրենքի պահանջն է, իսկ իրականում սա վերժողովրդական շարժում է.

–Ովքեր ուզում են արմատական փոփոխություններ, իրենց ապագան տեսնում են մեր երկրում, ՀԱՄԱԽՄԲՄԱՆ դռները բաց են լինելու նրանց բոլորի համար։ Մենք ժողովրդի համար հուսալի այլընտրանք ենք լինելու այսօր գործող իշխող քաղաքական ուժին։ Ես վստահեցնում եմ, որ մենք անելու ենք ամեն ինչ, որ երկրում դրական փոփոխությունները լինեն շատ արագ և արդյունավետ։ Ուղղակի անթույլատրելի է, որ երկիրը գտնվում է այս վիճակում։

Վ. Օսկանյանն անդրադարձել է նաև Գյումրիի խնդիրներին՝ նշելով, որ այդ քաղաքին պետք է վերադարձնել նախկին փառքը։

–Գյումրին հաղթական քաղաք է և պետք է պահի իր հաղթական կեցվածքը։ Մենք միասին ամեն ինչ անելու ենք, որ կարողանանք ամենակարճ ժամանակահատվածում երկրում իրականացնել փոփոխություններ,–ասել է Վ. Օսկանյանը։

Ժողովից հետո ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրի քաղաքի տարածքային կազմակերպության գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը