Կարծիք

08.07.2016 11:57


Մարդիկ այլևս նույնիսկ ամառը չեն ցանկանում Հայաստան գալ

Մարդիկ այլևս նույնիսկ ամառը չեն ցանկանում Հայաստան գալ

Ես արդեն այստեղ եմ՝ Հայաստանում: Մեկ օր որոշել էի «Ֆեյսբուք» չմտնել, կտրվել ամեն վատ բանից, ինչ կա մեր երկրում և ուղղակի վայելել վերադարձս: Ինչքան էլ չսիրեմ մեր իշխանություններին, ինչքան էլ նրանք օրուգիշեր զբաղվեն Հայաստանը հայաթափելով, մեկ է՝ սիրում եմ իմ երկիրը: Բայց այսօր էլի պետք է վատ բան գրեմ: Ես մեղք չունեմ. մի օր մի լավ բան չեղավ, որ դրա մասին գրեի...

Ուրեմն, երկու օր առաջ գալիս էի Մոսկվայից Երևան, թռիչքը պետք է լիներ առավոտյան 11:10՝ UTAIR-ի ինքնաթիռով: Պարտաճանաչ եկա օդանավակայան, ուղեբեռս հանձնեցի, անձնագրային հսկողությունն անցա ու նստած սպասում էի թռիչքի: Երկար-բարակ չպատմեմ. ավիաընկերության ներկայացուցիչները հայտնեցին, որ ինքնաթիռի հետ տեխնիկական խնդիրներ են առաջացել, ու պարբերաբար 1-2 ժամ թռիչքը հետաձգելով 8 ժամ մեզ սպասեցնելուց հետո բոլորիս նստեցրեցին մեկ այլ ինքնաթիռ: Դե ոնց բոլորիս, երեք հոգու համար տեղ չմնաց ինքնաթիռում:

Չէ, ես հասկանում եմ, նման բաներ լինում են, ինքնաթիռի հետ կարող է տեխնիկական խնդիր լինել: Սակայն դա այդ դեպքը չէր: 8 ժամ ժամանակ ունեի, ուղևորներից իմացա, որ նախորդ օրը նույն այդ ռեյսի ինքնաթիռի հետ նմանատիպ «տեխնիկական խնդիր» է եղել: Իրականում այդ տհաճ իրավիճակի պատճառն այլ էր: Ու մեղավորը էլի մեր իշխանություններն էին:

Պարզապես մարդիկ այլևս նույնիսկ ամառը չեն ցանկանում Հայաստան գալ: Հասկանալի է, տոմսերի գներն աստղաբաշխական են ու երկու շաբաթվա հանգիստը ծովի ափին թռիչքով ավելի էժան է, քան Հայաստանի տոմսը միայն: Բացի այդ էլ՝ շատերն ընտանիքներով են հեռացել ու վերադառնալու տեղ էլ չունեն: Արդյունքում՝ ավիաընկերությունը, հույս ունենալով, որ ուղևորների քանակը շատ կլինի, լրացուցիչ ռեյսեր էր ավելացրել ու չէր կարողացել իրացնել տոմսերը: Նման պայմաններում էլ այդ ոչ այնքան հարուստ ավիաընկերությունը ստիպված էր կա՛մ երկու կիսադատարկ ինքնաթիռ ուղարկել Երևան, կա՛մ դիմել նման ավանտյուրայի:

Ես ամենևին չեմ ցանկանում արդարացնել ավիաընկերությանը. այդ ընթացքում, եթե նախօրոք իմանայի, մոռացված իրերս կհասցնեի վերցնել: Բայց ի՞նչ կարող եմ անել: Մի պետություն էլ չունենք, ոչ էլ դատարան, որ կարողանայի դիմել իրենց՝ իմ իրավուքները պաշտպանելու և ավիաընկերությունից փոխհատուցում պահանջելու համար: Եթե նույնիսկ դատարանը բավարարեր հայցս, ինչին խիստ կասկածում եմ. ես պատկերացնում եմ՝ ավիաընկերության տնօրինությունը ՀՀ դատարանի որոշման հետ ինչ կաներ: Առանց այդ էլ մեզ նույնիսկ օդանավակայանի դյութի ֆրիում ստորացրեցին, երբ հայ ուղևորներին հայկական անձնագրերով հրաժարվում էին ապրանք վաճառել: Դե հա, գիտեմ՝ ինչու է այդպես, բայց, միևնույն է, երևույթն ինքնին տհաճ է:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը