Կարծիք

08.07.2016 10:53


Սերժ Սարգսյանը գումար չի խնայում իր PR-ի վրա

Սերժ Սարգսյանը գումար չի խնայում իր PR-ի վրա

Գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հայկական լրատվական դաշտում ավելանում և սնկի պես բուսնում են նորանոր կայքեր: Երևույթն ինքնին նորմալ կլիներ, եթե չլիներ մեկ բայց: Ցանկացած քիչ թե շատ ժողովրդավարական երկրում ԶԼՄ-ի բազմազանությունը խոսքի ազատության, բազմակարծության սկզբունքի իրականացման միջոց և հետևանք է: Սակայն դա՝ ժողովրդավար երկրներում: Իսկ մենք ապրում ենք Հայաստանում, և վերջ:

Մեզանում ԶԼՄ-ի բազմազանությունը բազմակարծության դրսևորում չէ, ոչ էլ խոսքի ազատության սկզբունքի իրականացում: Հակառակը՝ համացանցային ու հեռուստատեսային ԶԼՄ-ի գերակշիռ մեծամասնությունը նույն բանն է մատուցում՝ հաճախ նույն ձևակերպումներով: Դրանք բոլորը կոչված են մեկ բանի՝ Սերժ Սարգսյանի շահերը պաշտպանելու համար:

Կենտրոնացնելով իր ձեռքում իշխանությունը և հսկայական կապիտալ՝ այսօր արդեն ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը փորձում է ամայացնել լրատվական դաշտը՝ այն ամբողջովին հսկողության տակ վերցնելով: Հետաքրքիր բան է ստացվում. Սերժ Սարգսյանի գլխավորած «թիմը» ջանք, եռանդ ու հսկայական ֆինանսներ չի խնայում սեփական PR-ի համար: Հետաքրքիրը նաև այն է, որ քաջ գիտակցելով իրենց շեֆի իրական վարկանիշը, դրա անհույս վիճակը՝ այդ բազմաթիվ լրատվամիջոցները զբաղված են հիմնականում հակաքարոզով:

Իսկապես, իսկ ի՞նչ լավ բան կարելի է գրել, ասել Սերժ Սարգսյանի մասին: Եթե նա իրականում գեթ մեկ դրական բան արած լիներ մեր երկրի, հասարակության համար, մեկ լրատվամիջոցն էլ բավական կլիներ իր վարկանիշը բարձրացնելու համար: Այսօր մենք ապրում ենք 21-րդ դարում, և Գեբելսի հայտնի արտահայտությունը, թե «1000 անգամ կրնվող սուտը ճշմարտություն է դառնում», վաղուց չի գործում: Եվ լավ կլինի՝ Սերժ Սարգսյանը դա գիտակցի և այդ գումարները խնայի. շուտով դրանք իսկապես իրեն պետք կգան:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը