Մեկնաբանություն

08.07.2016 00:05


Ի՞նչն է այսչափ ոգևորել Սերժ Սարգսյանին ու Շարմազանովին

Ի՞նչն է այսչափ ոգևորել Սերժ Սարգսյանին ու Շարմազանովին

«ՀԱՊԿ անդամ երկրները ևս մեկ անգամ սատարեցին Հայաստանին: Այդ հայտարարությունն աջակցություն էր Հայաստանին երեք կետով. ԱԳ նախարարները վերահաստատում են, որ ԼՂ ինքնորոշման հարցը այլընտրանք չունի, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոփոխության ենթակա չէ, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունների իրականացումն է, Իսկ Վիենայում պայմանավորվածություն ձեռք բերվեց վստահության, հետաքննության մեխանիզմներ ներդնել»:

Մաժորային ամենաբարձր տոնայնությամբ արված այս հայտարարությնա հեղինակը Էդուարդ Շարմազանովն է:

Պարզ է, որ նա պարզապես վերաշարադրել է իր կուսակցության ղեկավարի խոսքը: Մնում է զարմանալ, թե ի՞նչն է այսչափ ոգևորել Սերժ Սարգսյանին: Նման բովանդակությամբ հայտարարություններ հրապարակվել են անցած 20 տարիներին տարբեր կազմակերպությունների կողմից: Միշտ էլ Ադրբեջանը միջազգային տարբեր ամբիոններից այս կամ այն ձևով ակնարկել է Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման մասին, սակայն դա անլուրջ է համարվել ու հարցը փակվել է: Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքի իրացմանը, ապա այդ սկզբունքը միջազգայնորեն ամրագրվել է 2000-ականներին: Իսկ թե բանակցային գործընթացում ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել և որքանով են կողմերը իրականացրել այդ պայմանավորվածությունները, դրանց էլ տեղյակ ենք անցած 20 տարիների ընթացքում, երբ հանդիպումները տեղի էին ունենում աշխարհի տարբեր մայրաքաղաքներում:

Հիմա այս ամենը եթե նույնությամբ վերահաստատվել է նշված հայտարարությամբ, ապա այստեղ ո՞րն է Հայաստանին սատարելը, իսկ Ադրբեջանին «հարվածելը»: Այն հակառակորդին, որը անցած 4-5 տարիներին ակտիվորեն զինվել է, արդիական զենք-զինամթերք է ձեռք բերել:

«Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական պայմանագրի իրագործումը, ամենաքիչը՝ սահմանափակել այն տեսականու առումով, կամ սինխրոնացնել դրա իրագործումը հավասարազոր մատակարարումներով դեպի Հայաստան: Փաստարկներն այստեղ առավել քան բավական էին: Ինձ հայտնի չէ, թե ինչպիսի հետևողականությամբ են իշխանությունները զբաղվել այդ հարցով, և ինչու դա հնարավոր չեղավ կանխել, այդ պատճառով զերծ կմնամ գնահատականներ տալուց»,- ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո նկատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Եթե սա չի արվել, ապա խոսել հերթական հայտարարության մասին, որը Հայաստանի համար իբր «սատարիչ», իսկ թշնամու համար էլ՝ «ոչ սատարիչ» նշանակություն ունի, պարզապես, լուրջ չէ: Եթե չասենք՝ ծիծաղելի է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը