Քաղաքական

06.07.2016 12:34


Ստեփան Մարգարյան. «Հարկային նոր օրենսգրքով ամենախոցելի խումբը մանր և միջին բիզնեսն է լինելու»

Ստեփան Մարգարյան. «Հարկային նոր օրենսգրքով ամենախոցելի խումբը մանր և միջին բիզնեսն է լինելու»

ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Հարկային նոր օրենսգրքին՝ նշել է, որ դրանով հասցված առաջին վնասը շրջանառության հարկի շեմը մինչև 40 միլիոն դրամ իջեցնելն է։

–Չեմ պատկերացնում՝ հաշվարկն ի՞նչ ձևով է արված, որ եթե, օրինակ, փոքր ձեռնարկությունն ունի 40 միլիոնի շրջանառություն, ապա կարողանալու է առանց ստվերի աշխատել։ Բնականաբար, մարդը կսկսի թաքցնել դա, արդյունքում հարկային մարմինները կիրառելու են լուրջ վարչական լծակներ, տուգանքներ են լինելու, և սկսվելու է փակումների շարք. փակվելու են հազարավոր ձեռնարկություններ,–ասել է Մարգարյանը։

Նա նշել է, որ Հայաստանում մեծ ձեռնարկություններ ստեղծելն ավելի հեշտ է, քան մանր և միջին, քանի որ խոշոր կապիտալի շրջանառություն ապահովողն ունի շատ փող։

–Մանր և միջին բիզնես հիմնադրողի համար շատ դժվար է, քանի որ տարիներ պետք է անցնեն, որպեսզի վերջինս կայանա և եկամուտներ ստանա։ Հենց այդ պատճառով նոր Հարկային օրենսգրքով ամենախոցելին մանր և միջին ձեռնարկություններն են, որոնք, ցավոք սրտի, դրա արդյունքում փակվելու են,– ասել է Ստեփան Մարգարյանը։

Ըստ պատգամավորի՝ նոր Հարկային օրենսգրքի ընդունումը կնշանակի մի քանի քայլ նահանջ նախկինում ունեցած իրավիճակից՝ մինչև շրջանառության հարկի շեմը 115 միլիոն դրամ սահմանելը։

–Նոր հարկային օրենսգրքով ակցիզային հարկերն են ավելանում, ինչը տանելու է որոշակի թանկացումների։ Որոշակի դեպքերում գյուղատնտեսության վրա են նաև սկսելու անդրադառնալ, ինչը բավականին վտանգավոր իրավիճակ է։ Ազդելու է նաև միջին աշխատավարձի վրա։ Ընդունել օրենք, որը պակասեցնում է մարդու գործող եկամուտները, նույնիսկ աբսուրդ ասելը քիչ է։

«7or»-ի հարցին՝ ի՞նչ է նախաձեռնում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը՝ կապված Հարկային նոր օրենսգրքի խնդիրների հետ, Ստեփան Մարգարյանը պատասխանել է.

Այս օրենսգրքից չկա մի ոլորտ, որը գոհ է։ Ընդհանրապես, Հայաստանում չկա ոչ մի խավ, ով գոհ է իր վիճակից։ Դժգոհ են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչը, գործազուրկը, նպաստ ստացողը, խոշոր կապիտալի ներկայացուցիչը ևս։ Ես կարծում եմ՝ նրանց բոլորի՝ համախմբված վիճակով հանդես գալը կփրկի իրավիճակը։ Այս Հարկային օրենսգրքի շուրջ շատ ավելի լուրջ իրադարձություններ են տեղի ունենալու։ Մենք պատրաստվում ենք այն քննարկել նաև մեր մարզային հանդիպումների ժամանակ, որոնք ծրագրում ենք անկացնել հենց ամռանը։ Մենք ուզում ենք մարդկանց կոչ անել համատեղ որոշում կայացնել։ Կարելի է նույնիսկ հանրահավաքների շարք սկսել սրա շուրջ, քանի որ եթե նոր Հարկային օրենսգիրքն անցի, ապա դա կնշանակի հետ շպրտել մեր տնտեսությունը տասնամյակներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը