Կարծիք

05.07.2016 14:36


Կորցրած տոն

Կորցրած տոն

Կորցրած տոն։ 21 տարի առաջ՝ այս օրը, ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Չխոսենք այն մասին՝ լավ Սահմանադրություն էր թե վատ, պետք էր մեզ հենց այդ Սահմանադրությունը կամ ոչ։ Ցանկացած ժողովրդավարական պետության համար Սահմանադրությունը բարձրագույն պետական արժեքներից է։ Իսկապես, իրավական պետության համար դժվար է թերագնահատել Սահմանադրության դերն ու նշանակությունը թե՛ հասարակության և անհատի կյանքի, թե՛ պետության արդյունավետ կառավարման համար։ Դա յուրօրինակ պայմանագիր է, երաշխիք, որը պետք է պաշտպանի հասարակությանը պետական մարմինների կամակորություններից և բռնությունից։
Սակայն Հայաստանում «սահմանադրական բարեփոխում» կոչված սահմանադրական կարգի խախտումից հետո Սահմանադրությունը բացարձակապես արժեզրկվել է։ Արժեզրկվել է` որպես հենց պետական արժեք՝ վերածվելով գործող իշխանությունների ապօրինությունների և ամենաթողության հիմնավորման։ Այսօրվա իշխանությունների համար Սահմանադրությունը և օրենքները երբեք էլ արժեք չեն ներկայացրել. նրանք 8 տարի է, ինչ բռնանում են թե՛ Սահմանադրությանը, թե՛ օրենքներին։ Սերժ Սարգսյանի գերմարդկային ջանքերի շնորհիվ Սահմանադրության փոխարեն այսօր ունենք մի փաստաթուղթ, որի նպատակը մեկն է՝ հավերժացնել իր անձնական իշխանությունը, դարձնել այն բացարձակ։
Նախանձում եմ ամերիկացիներին, որ հպարտանում են իրենց Սահմանադրությամբ։ Հպարտանում են, որովհետև գիտեն, որ այն իրականում պաշտպանում է իրենց։ Իհարկե, այնտեղ էլ կան բացասական երևույթներ։ Բայց նաև Սահմանադրության և Սահմանադրության անձեռնմխելիության շնորհիվ է, որ այնտեղ չկան միհրանպողոսյաններ, որ պետությունը չի թալանում սեփական քաղաքացիներին, որ քաղաքացին կարող է հայց ներկայացնել դատարան թեկուզ և նախագահի դեմ և հաղթի դատը։
Շատ կուզենայի, որ կարողանայինք վերադարձնել մեզանից գողացված այս տոնը։ Հուսով եմ՝ գալիք խորհրդարանական ընտրությունները հնարավորություն կտան վերաադարձնել Սահմանադրությունը ժողովրդին։ Շնորհավո՛ր Սահմանադրության օրը:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը