Քաղաքական

04.07.2016 16:43


Զախարովա․ «Սանկտ Պետերբուրգի հանդիպումն իր մեջ ինչ-որ նորարարություն չէր պարունակում»

Զախարովա․ «Սանկտ Պետերբուրգի հանդիպումն իր մեջ ինչ-որ նորարարություն չէր պարունակում»

ՌԴ ԱԳՆ խոսնակն այսօր Երևանում կտրականապես մերժեց պնդումները, թե Մոսկվան փորձում է ղարաբաղյան գործընթացի նկատմամբ մենաշնորհ հաստատել:

«Նժդեհի արձանի տեղադրումն, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է, և ես խնդրում եմ գտնել նախկինում արած իմ մեկնաբանությունն ու բառացի մեջբերել այն: Նաև խնդրում եմ չղեղաթյուրել իմ հնչեցրած բառերը, որովհետև այդպիսով դուք վնաս եք հասցնում: Եվ դա, բնականաբար, այն մարդկանց օգտին է, ովքեր Հայաստանի բարեկամները չեն»:

Այսօր Երևանում, «Ազատության» հարցին ի պատասխան՝ այժմ էլ՞ այն կարծիքին եք, թե Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը «նացիզմի հերոսականացման փորձ է», և Ռուսաստանի համար «հասկանալի չէ» այդ քայլը, հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, ով երևանյան այցի ընթացքում ուղեկցում է իր ղեկավարին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Հիշեցնենք՝ այսօր Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը:

«Պատմության հետ կապված հարցերն իսկապես շատ բարդ են, և ամոթ նրանց, ովքեր օգտագործում են այդ հարցերն իրենց քաղաքական նպատակների համար այնպես, ինչպես շատերն արեցին՝ խեղաթյուրելով իմ մեկնաբանությունները»,- հարցի առնչությամբ նաև ասաց Զախարովան, շարունակելով՝

«Մի՞թե Հայաստանն այժմ չունի ավելի հրատապ խնդիր: Ես կարծում եմ, որ հիմա Հայաստանի ու հայ ժողովրդի համար կա շատ ավելի հրատապ մի խնդիր՝ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Հենց դրա համար են այսօր, նաև՝ ՀԱՊԿ շրջանակներում, հանդիպումներ տեղի ունենում: Հենց դրա համար ենք մենք հսկայական ջանքեր գործադրում, որպեսզի այդ կարգավորումն առաջ ընթանա:

Մենք Հայաստանի հետ համագործակցում ենք, այդ թվում՝ միջազգային տարբեր հարթակներում, որպեսզի բացառենք նացիզմի հերոսականացման ցանկացած հնարավորություն: Այդ առումով մենք զգում ենք մեր հայ գործընկերների շատ հուսալի թիկունքը: Այստեղ երկակի ստանդարտների մասին խոսք լինել չի կարող»:


Պատասխանելով ԼՂ խնդրին վերաբերող հարցերին՝ Զախարովան կտրականապես մերժեց պնդումները, թե Սանկտ Պետերբուրգի հանդիպմամբ Ռուսաստանը փորձ էր անում մենաշնորհ հաստատել կարգավորման գործընթացի նկատմամբ:

«Ես մինչ այդ հանդիպումը, նաև դրանից հետո իմ ճեպազրույցների ժամանակ, ասել եմ՝ մտահոգություններ կային, թե Ռուսաստանն, իբր, իր մենաշնորհն է հաստատում գործընթացի նկատմամբ, չի ցանկանում տեղեկություններ տրամադրել և այլն: Սակայն, սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում, և դրանից հետո բոլորը համոզվեցին՝ միջնորդներն անհրաժեշտ կերպով տեղեկացված են եղել և իրենց գործընթացից դուրս չեն զգացել: Հենց կողմերը ու նաև դիտորդներն են բարձր գնահատել այդ հանդիպման արդյունավետությունը:

Մենք հրաշալի հասկանում ենք Մինսկի խմբի ձևաչափի նշանակությունը և հարգանքով ենք վերաբերվում դրան: Իսկ Սանկտ Պետերբուրգի հանդիպումն իր մեջ ինչ-որ նորարարություն չէր պարունակում. այն ընդամենը կողմերի շփման ձևերից մեկն է: Դուք հրաշալի գիտեք, որ նման հանդիպումներ նաև նախկինում են եղել»
,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշումը նպատակաուղղված է մեկ կետի՝ «Դա ձգձգված հակամարտության շուտափույթ և խաղաղ կարգավորումն է, և մենք դրան հասնելու համար անում ենք հնարավորը»:

Զախարովան ձեռնպահ մնաց Սարգսյան-Ալիև նոր հանդիպման մասին տեղեկություններ հաղորդելուց՝ նշելով, թե դա հենց կողմերը պետք է անեն:

«Որտեղ և երբ պետք է հանդիպեն իրենց առաջնորդները, դա այն տեղեկությունն է, որը պետք է հենց կողմերը տրամադրեն: Մենք կարող ենք ասել, որ այդ ուղղությամբ մեծագույն ջանքեր է գործադրում հենց Ռուսաստանի Դաշնության նախագահը, արտգործնախարարը, ըստ էության՝ ողջ արտաքին գերատեսչությունը: Դա արվում է և՛ երկկողմ, և՛ բազմակողմ խողովակներով ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրաջանակներում:

Այդ ամենն արվում է, քանի որ մենք հասկանում ենք՝ հապաղման յուրաքանչյուր օրն իր մեջ խաղաղ բնակիչների հանդեպ սպառնալիք է կրում»
,- այսօր Երևանում հայտարարեց Մարիա Զախարովան:

Աղբյուրը՝«Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը