Կարծիք

02.07.2016 11:20


Չվերթները միայն ռուսական կողմն է իրականացնում, որովհետև Հայաստանը գումար չունի

Չվերթները միայն ռուսական կողմն է իրականացնում, որովհետև Հայաստանը գումար չունի

Մեր ծանոթները երեկ երեկոյան վերջապես ժամանեցին Հայաստան՝ շնորհիվ ՌԴ ԱԻՆ-ի (ոչ այն պատճառով, որ օդանավի գումար չունեն, այլ որ Օրենբուրգից Հայաստան ուղիղ չվերթներ չկան։ Մի քանի տարի առաջ ամիսը երկու անգամ գործում էր, իսկ հիմա՝ ոչ։ Մեր ավիափոխադրումները պարզապես «հիանալի» են գործում)։

Մնացել էին Վերին Լարսում, և հույս այնտեղից որքան հնարավոր է՝ շուտ գալ Հայաստան, գրեթե չկար, եթե չլիներ ՌԴ ԱԻՆ-ը։ Բոլոր «սերժատու արևմտամետներին« ասեմ, որ Ռուսաստանն իր հաշվին հինգ չվերթ է իրականացրել (հունիսի 30-ին մեկ չվերթ էլ այսօր Բեսլանի օդանավակայանից) և Հայաստան մոտ 250 հայ տեղափոխել։

Մեր ծանոթները եկել են վերջին չվերթով, որը մեծ հարցականի տակ էր, սակայն ռուսական կողմը նաև այդ թռիչքն իրականացրեց։

Մեր ծանոթուհու 16-ամյա որդին ալերգիա ունի․ նրա վիճակը բարդացել էր։ Վլադիկավկազի օդանավակայանում գործող բուժանձնակազմն անձամբ է միջնորդել, որ տղան անմիջապես Հայաստան տեղափոխվի․․․

Արուսիկը պատմում է, որ թեև նա որդու հետ բարեհաջող ժամանեց Հայաստան, սակայն ռուս-վրացական սահմանին մնացին տղամարդիկ, որոնց միայն մեկ բան էր մնում անել՝ երգել ու պարել։ Այո, Արուսիկին շատ էր զարմացրել այն փաստը, որ հայերի մոտ երաժշտական գործիքներ էին գտնվել։ Բայց նա առավել զարմացած էր, որ Հայաստանի փոխարեն իրենց ՌԴ ԱԻՆ-ն է օգնել։ Նրա համար առավել զարմանալի էր, երբ իմացավ, որ չվերթները միայն ռուսական կողմն է իրականացնում, որովհետև Հայաստանը գումար չունի։ Նրա համար այդպես էլ անհասկանալի մնաց պետության այդ աստիճան անտարբեր վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ։

Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանը գումար չունի. չէ, դուք մի պահ պատկերացրեք՝ Հայաստանը, որտեղ ամեն տարի 1 մլրդ դոլար է մտնում, գումար չունի, մի 5 հազար դոլար չունի, որ մի երկու չվերթ իրականացնի սեփական ժողովրդին օգնելու համար։

Երբ Արուսիկը պատմում էր այդ ամենը, գլխումս միայն մեկ միտք էր պտտվում՝ մի օր մենք էլ ենք նրանց օրին ընկնելու՝ անտերության մատնվելու, եթե երկրում այդպես էլ ոչ մի փոփոխություն տեղի չունենա։

Հ․ Գ․ Մեր բոլոր խնդիրների մեղավորը ո՛չ Արևմուտքն է, ո՛չ Ռուսաստանը, ոչ էլ անգամ հարևան երկու թշնամական երկրները, այլ մենք ու միայն մենք։

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը