Կարծիք

01.07.2016 10:30


Ունեցած-չունեցած «շնորհքդ» մի փիսոյաչափ չի՞, ա՛յ մարդ

Ունեցած-չունեցած «շնորհքդ» մի փիսոյաչափ չի՞, ա՛յ մարդ

Հայտնի բան է՝ ամենուր արվեստում հայտնված պատահական դեմքերն իրենց քանակով եռակի անգամ գերակշռում են արժեքներ ստեղծող մարդկանց:
Էս պատահական դեմքերն ասպարեզ են «խցկվում», տասնամյակներ են գլորում՝ ոչինչ չստեղծելով: Սակայն նույն ասպարեզից փորձում են կորզել առավելագույնը:
Նման «դեմքերից» է, օրինակ, Վիգեն Ստեփանյան անունով անձնավորությունը, որը վերջին շրջանում գրեթե «հալածյալի» ու «ճշմարտախոսի» կեցվածք ընդունած՝ հրապարակավ բողոքում եւ դժգոհում է: Բնականաբար, մեղադրում է բոլորին, խոսում ամեն ինչի մասին, բացի իր միության գործունեությունից ու այն տնօրինող թայֆայից:
Թատերական գործիչների միության համագումարի ամբիոնից անհիմն լուտանքներ թափելուց հետո նա օրերս հյուրընկալվելով «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին՝ շարունակեց անհեթեթ ճոռոմախոսությունն ու զազրախոսությունը:
Հասկանո՞ւմ եք, թե ի՜նչ սարսափելի բան է տեղի ունեցել: Մշակույթի նախարարությունը Վիգեն Ստեփանյանին Օպերային թատրոնի գլխավոր ռեժիսոր չի նշանակել՝ այդկերպ մեծագույն վնաս հասցնելով արդի հայ մշակույթին ընդհանրապես, օպերային արվեստին՝ մասնավորապես:
Հե՛նց նման ամբիցիոզ կեցվածքով ու անպարագիծ մեծախոսությամբ էլ Վիգեն Ստեփանյանը ներկայացնում էր իր հետ «պատահած աղետը»:
Իսկ ո՞վ է Վիգեն Ստեփանյանը:
Ենթադրենք՝ «Վիքիպեդիայում» մի ինչ-որ կասկածելի տեղեկատվություն է հրապարակված նրա կյանքի եւ ստեղծագործական ուղու մասին, եւ ենթադրենք՝ ճակատագրի հեգնանքով նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործի կոչում:
Ուրեմն, նշանակում է՝ նա ինչ-որ բա՞ն է ներկայացնում, ինչ-որ արժեքնե՞ր է ստեղծել՝ հարստացնելով թատերարվեստը կամ կինոարվեստը:
Իհա՛րկե, ո՛չ: Եվ կրկին անգամ ո՛չ:
Պոլիտեխնիկի շինֆակն ավարտած անձը, որ միայն 40 տարեկանում է թատերական կրթություն ստացել, իրականում ամենասովորական գոյություն է, որի նմաններով լի է ասպարեզը:
Այս մարդը 40 տարի թե՛ թատրոնում եւ թե՛ կինոյում ոչ մի լուրջ դեր չի խաղացել եւ ոչ էլ որեւէ արժեքավոր բեմադրություն է արել: Եթե «Էրեբունի-Երեւան» տոնակատարություն «բեմադրելը» (ինչով հատնի է նա) ռեժիսուրա է այդ մասնագիտության դասական իմաստով, ապա ոչինչ չունենք ասելու: Բնականաբար, ոչ մի մասնագետ դա ռեժիսուրա չի համարում: Հետեւաբար, այդ ի՞նչ հավակնություններ էր դրսեւորում Ստեփանյանը, որ կարծում էր, թե հենց ինքը պետք է լինի Օպերային թատրոնի գլխավոր ռեժիսորը: Մի թատրոն, որտեղ բեմադրություններ են իրականացրել Արմեն Գուլակյանի եւ Վարդան Աճեմյանի նման հսկաները:
Այդ ի՞նչ ամբիցիաներ ունի Ստեփանյանը, որն անգամ իր իսկ հիմնադրած «Մետրո» թատրոնը մեկ տարի չկարողացավ ղեկավարել: «Մետրոն» բրախեց մի կողմ ու վազեց Լիբանան, ուր մնաց մոտ 10 տարի՝ տեղի թատերական խմբակի մակարդակով գործող սիրողական խմբում աշխատելու (ավելի ճիշտ՝ փող աշխատելու. Համազգայինի հրավերը յուղոտ էր):
Այստեղ էլ հայտնի չէ, թե ինչ է արել, ինչ դեր է խաղացել կամ ինչ ներկայացումներ է բեմադրել: Մարդը սովորական «գրդոնով» էր զբաղված, ինչն, ի դեպ, իր հնարավորությունների բարձրակետն է:
Ուրեմն, այդ ի՞նչ ամբիցիաներ են:
Տարիներ առաջ էլ Ստեփանյանը Համազգային թատրոնում բառացիորեն տապալեց «Հացի խնդիր» ներկայացումը: Թույլ, ծիծաղելի, գրական-գեղարվեստական ցերեկույթի մակարդակի մի բեմադրություն էր, որն, ո՜վ զարմանք, վստահվել էր Ստեփանյանին:
30 տարի առաջ հեռուստաֆիլմերից մեկում կատվի դեր է խաղացել եւ դրանով սկսվել եւ նույն պահին էլ ավարտվել է նրա «դերասանական» կարիերան (քանզի ակնհայտ դարձավ պարզունակ ու կեղծ խաղի վրա սարքած փիսիկի «շնորհքի» չափը):
Սա՛ է ամբողջը:
Բայց հիմա տեսեք, թե ոնց է կախվել մեր օձիքներից, ու իրեն էլ չգիտես՝ ինչ է երեւակայում:
Ունեցած-չունեցած «շնորհքդ» մի փիսոյաչափ չի՞, ա՛յ մարդ:

Սոնա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը