Լրահոս

10.12.2009 18:46


Սերժ Սարգսյան. «Ուղղակի բոլորը պետք է հասկանան, որ ինչքան ձգձգվում է վավերացման գործընթացը, այնքան խոչընդոտներ են ավելանում»

Սերժ Սարգսյան. «Ուղղակի բոլորը պետք է հասկանան, որ ինչքան ձգձգվում է վավերացման գործընթացը, այնքան խոչընդոտներ են ավելանում»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բազմիցս հայտարարել էր, որ աջակցում է  հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում կարգավորմանը, և սպասումներ կային, որ ԱՄՆ վարչակազմը կազդի Թուրքիայի վարչապետի վրա ստորագրված արձանագրությունները վավերացնելու հարցում։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հետ ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք կայի՞ն նման սպասումներ, և ի՞նչ ունենք այսօր, ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի վարչապետի՝ Վաշինգտոնում արած հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելու վերաբերյալ՝ ասել է, որ Հայաստանը երախտապարտ է բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքական և պետական գործիչներին, որոնց միջնորդական ջանքերի շնորհիվ մենք կարողացանք անցնել այս ճանապարհը:

-Միևնույն ժամանակ այս գործընթացի արդյունավետությունը կամ ձախողումը ամբողջովին պետք է վերագրվի Հայաստանին և Թուրքիային: Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների, հայկական հարցի հետ: Նա իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է  և՛ հրապարակավ, և՛ անձնական շփումների ընթացքում: Թուրքիայի՝ Ցեղասպանությունը ճանաչելու, իր պատմությանն անաչառ նայելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահն ասել է նաև Թուրքիայի խորհրդարանում: Իհարկե,  չափազանց կարևոր է, որպեսզի Թուրքիան հասկանա, որ Կովկասում խաղաղություն ու անվտանգություն կհաստատվի միայն այն պարագայում, երբ կարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները,- նշել է նա։

Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ միանշանակ դատապարտված է  համարում Թուրքիայի կողմից արվող փորձերը, որոնք  վերաբերում են Լեռնային Ղարաբաղի խնդրին և նպատակ ունեին հայ-թուրքական հարաբերությունները փոխշաղկապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ:

-Մեկ անգամ ևս պետք է կրկնեմ, որ այդ փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման: Ես հիմա էլ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները, այն է՝ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, և նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Բայց հիշում եք՝  ես նաև ասել եմ, որ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանն անպայման կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից: Եվ հիմա էլ հայտարարում եմ, որ ես հանձնարարել եմ համապատասխան պետական մարմիններին' նախապատրաստելու լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը և չեղյալ հայտարարելուն: Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ Հայաստանը պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները: Դուք գիտեք, որ արձանագրություններն իմ կողմից ուղարկվել են Սահմանադրական դատարան, և  որ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին որոշում է կայացնելու: Այսինքն, մենք գործընթացը շարունակում ենք: Ուղղակի բոլորը պետք է հասկանան, որ ինչքան ձգձգվում է վավերացման գործընթացը, այնքան խոչընդոտներ են ավելանում: Քաղաքական իրադարձությունները հետագայում կարող են խոչընդոտ լինել,-ասել է ՍԵրժ Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը