Մեկնաբանություն

30.06.2016 08:45


«Արմքոմեդիի» վերածված հայրենիքը

«Արմքոմեդիի» վերածված հայրենիքը

Երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, նկատի ուներ այն, որ հայրենիքը պետք է վերածել «Արմքոմեդիի» և դառնալ չստացված հաղորդման չստացված դերասան:

Բանն այն է, որ երեկ ՀՀԿ ղեկավարի «կրեաԾիվ» թիմը եթեր բաց թողեց Սերժ Սարգսյանին «Արմքոմեդիի» միջոցով: «Ծիխնալագիչնի» տղերքն ու աղջկերքը երևի մտածել էին, թե ինչպես անենք, որ Սարգսյանը մարդկային ու հումորով երևա, բայց ստացվեց՝ ինչպես միշտ (կամ էլ որոշել էին «տժժալ» ադեկվատությունը կորցրած շեֆի վրա ու նրան դարձրել էին սերիալային կերպար):

Փաստորեն, Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին ապահովելով ավելի քան 300 հազար մարդու արտագաղթը, աղքատության 50–տոկոսանոց աճը, ներդրումների երկնիշ կրճատումը, պետական պարտքի քառակի ավելացումը, 800 հեկտար տարածքի հանձնումը և չորս օրում տալով ավելի քան 100 զոհ՝ հյուրընկալվում է «կայֆարիկ» հաղորդմանն ու փորձում խոժոռ դեմքով հումոր անել:

Հաղորդումից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանն ուշադրությամբ հետևում է իրեն պատկանող «Արմենիա» հեռուստաընկերության «ջրիկ» ծրագրին ու գիտի, որ այն 500-րդ անգամ է դուրս գալիս եթեր:

Ուշագրավն այն է, որ նույն Սարգսյանն ապրիլյան օրերին թաքցնում էր կամ ստույգ չգիտեր, թե մենք որքան տարածք էինք կորցրել Ղարաբաղում: Նա նաև թաքցնում էր կամ ստույգ չգիտեր, թե որքան զոհ ենք տվել ապրիլյան բախումների ժամանակ:

Զոհերի մասին նա սկզբում ասում էր 18, թեև ողջ հանրապետոթյունը գիտեր, որ այդ թիվն առնվազն պետք է քառապատկել:

Տարածքների մասով էլ սկզբում ասվեց 200-300 մետր, հետո այդ մետրերը վերածվեցին հեկտարների:

Զոհերի ու կորցրած տարածքների մասին գերագույն գլխավոր հրամանատար աշխատող Սերժ Սարգսյանը հստակ չգիտեր, բայց «զատո» շատ լավ գիտեր, որ «Արմքոմեդին» արդեն 500-րդ անգամ է եթեր դուրս գալիս (պատկերացնո՞ւմ եք, ՀՀԿ ղեկավարը հաշվել է, թե քանի անգամ է «Արմքոմեդին» եթեր դուրս գալիս. երևի ամեն հաղորդումը փող է, և դա է պատճառը, որ նա անգիր գիտի դրանց քանակը) ու «կպնում» իր թիմակիցներ Գալուստին, Աշոտյանին ու Լոքյանին:

«Արմքոմեդիի» հոբելյանական թողարկումը ցույց տվեց, որ սխալ է այն տեսակետը, թե Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին չի զինվել: Նա զինվել է, բայց ոչ թե առաջնագիծն ու թիկունքն ապահովող զենքերով, այլ ՀՀ քաղաքացիների դեմ պայքարելու զենքերով: «Արմքոմեդիի» չստացված դերասանը գնել է հեռուստաընկերություններ, սեփականաշնորհել է լրատվական կայքեր ու թերթեր, որպեսզի կարողանա պաշտպանվել Հայաստանի հասարակությունից ու, միևնույն ժամանակ, հարձակվել նույն այդ հասարակության վրա:

Սերժ Սարգսյանը հայրենիքը վերածել է «Արմքոմեդիի», որտեղ պետք է «թիմակիցներին» «փչացնել», ընդդիմախոսներին սևացնել և ամեն ինչ վերածել էժանագին հումորի ու գյալաջիի, որպեսզի իր սևությունն ու թալանը չերևան: Թե որքան կդիմանա հայրենքն այս խեղկատակությանը, կախված է յուրաքանչյուրիցս:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը