Մեկնաբանություն

30.06.2016 00:05


«Սերժն ի՞նչ մեղավոր է. նա իր համար նստած է Բ26-ում»

«Սերժն ի՞նչ մեղավոր է. նա իր համար նստած է Բ26-ում»

Սերժ Սարգսյանին կից «արևմտամետների» ամենասիրած կոդերից են՝ «Սերժ Սարգսյանն ի՞նչ մեղավոր է. սաղ էդ չար Պուտինն է մեղավոր Հայաստանի այսօրվա վիճակի համար», «Սերժը բարեփոխիչ է, հոգու խորքում՝ մոլի արևմտամետ, և ուշքը գնում է արևմտյան (համամարդկային) արժեքների համար, պարզապես ձեռքը ճար չկա. սաղ էդ Կրեմլն է մեղավոր», «Սերժ Սարգսյանը հերոսաբար պայքարում է ՀՀ ինքնիշխանության համար, բայց Պուտինի դեմ ուժը չի ներում ու ստիպված մտնում է ԵՏՄ, համաձայնում Ղարաբաղի խնդրի կարգավորման խայտառակ փուլային տարբերակին, հանձնում հեկտարներ և չորս օրում տալիս ավելի քան հարյուր զոհ», «Պուտինը Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու պլան ունի. Սերժն ի՞նչ կարող է անել», «Ռուսներն ու թուրքերն առավոտից մինչև երեկո քննարկում են, թե ինչպես վնասեն Հայաստանին. Սերժն ի՞նչ կարող է անել» և այլն:

Այդ բլեֆային կոդերը հանրությանը մատուցվում են Սերժ Սարգսյանի վրայից ուղղակի պատասխանատվությունը հանելու համար:

ՀՀԿ ղեկավարի համար կարևորն այն է, որ ինքը մնա իշխանության ու համեստորեն թալանի: Ու այդ պայմաններում թող հանրությունը մտածի, որ ինքը թույլ է և ոչինչ չի որոշում: Իշխանական քարոզչամեքենան դրսի ուժերի գործոնի մասին հեքիաթն անընդհատ պտտում է նաև այն նպատակով, որ մարդկանց մոտ թերահավատություն առաջացնի սեփական ուժերի նկատմամբ «Ամեն ինչ դրսում է որոշվում. մենք ի՞նչ կարող ենք անել» ծրագրի շրջանակներում:

Իրականությունն այն է, որ Հայաստանի միջազգային մեկուսացման, առանց դաշնակից մնալու և տոտալ ճնշումների ենթարկվելու թիվ մեկ և միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Նրա «նախաձեռնողականության», տնտեսական քաղաքականության և ներքաղաքական քայլերի արդյունքում է, որ Հայաստանը թուլացել է ու հնարավորություն տվել Ադրբեջանին արդեն մտածել Սյունիքի մասին:

Եվ ուրեմն, որքան էլ իշխանական քարոզչամեքենան տարբեր ձևակերպումներով պտտի «Սերժն ի՞նչ մեղավոր է» հեքիաթը, քանի՞ չորքոտանի կա Հայաստանում, որ կհավատա այդ հեքիաթին: Մեղավորը Սարգսյանն է, քանզի իրենով է փոխարինել պետական կառավարման համակարգն ու պետությունը վերածել տնամերձ բոստանի:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը