Կարծիք

29.06.2016 12:13


Սերժ Սարգսյանը կրկին մեզ խաբեց ու ծաղրեց

Սերժ Սարգսյանը կրկին մեզ խաբեց ու ծաղրեց

Սերժ Սարգսյանը կրկին մեզ խաբեց ու ծաղրեց։ Բոլորս դեռ հիշում ենք, որ 2014 թվականին ՀՀԿ ղեկավարը խոստացել էր, թե հանրաքվեից հետո չի հավակնելու ՀՀ վարչապետի և որևէ այլ բարձր պետական պաշտոնի։ Իհարկե, բոլորս գիտենք նաև Սերժ Սարգսյանի խոսքի արժեքը, սակայն երկու օր առաջ իր հարցազրույցում նա ցրեց բոլոր այն 3-4 միամիտ մարդկանց կասկածները, որոնք դեռ հավատում էին իրեն։

Ծիծաղելով բոլորիս վրա՝ նա հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից և գալիք խորհրդարանական ընտրություններին «գնալու է մինչև վերջ»՝ Հանրապետական կուսակցության հաղթանակն ապահովելու և սեփական միահեծան իշխանությունը հավերժացնելու համար։ Չունենալով որևէ հանրային աջակցություն՝ նա չի էլ պատրաստվում երկխոսության մեջ մտնել հասարակության հետ, փորձել ձեռք բերել վստահություն, ինչը գործնականում անիմաստ է։ Սերժ Սարգսյանի միակ հույսը պետական մեքենան է, ադմինիստրատիվ լծակները։

Իսկ այն, որ Սերժ Սարգսյանի հաղթանակն աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար, թերևս անվիճելի և ակնհայտ փաստ է։ Բացի սեփական քաղաքացիների վերջին կոպեկը շորթելուց, բյուջեն քաղաքացիների բարեկեցության, երբեմն նաև՝ կյանքի գնով լցնելուց և այդ գումարները տարբեր սխեմաներով իր գրպանը տեղափոխելուց՝ Սերժ Սարգսյանը տապալվել է մնացած բոլոր ոլորտներում։ Նա Հայաստանը հասցրել է խոր ճգնաժամային վիճակի՝ սեփական բարեկեցությունն ապահովելու համար, հիմա էլ պարզվում է, որ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի 5 շրջանները հանձնել թշնամուն՝ առանց որևէ երաշխիքի. ուղղակի որ Ալիևը չխանգարի իրեն գալիք ընտրությունների ժամանակ։ Ալիևն էլ, իհարկե, պատրաստ է դրան, քանզի վերցնելով այդ տարածքները, թույլ տալով Սերժ Սարգսյանին վերարտադրվել՝ նա հետագայում հույս ունի վերջնականապես «լուծել» Ղարաբաղի հարցը՝ պատերազմը սկսելով ավելի շահեկան դիրքերից։

Եվ ուրեմն, հասարակությունը պարտավոր է կանգնեցնել Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին։ Այսինքն՝ պարտավոր չէ, դրա այլընտրանքը սեփական տունը թշնամուն հանձնելն ու հեռանալն է։ Բայց եթե մենք որոշել ենք ապրել մեր երկրում, պետք է մեր երկրի տերը լինենք։ Միայն լայն հասարակական ընդվզումը կարող է ձախողել Սերժ Սարգսյանի ծրագիրը։ Ընդվզումն էլ պետք է հասկանալ ընտրությունների միջոցով և հրապարակում՝ պետք է կատարել ընտրություն և տեր կանգնել այդ ընտրությանը, պաշտպանել բարեկեցիկ և ազատ ապրելու մեր իրավունքը։ Հակառակ պարագայում Սերժ Սարգսյանի իշխանությանը վերջ կտան ադրբեջանական տանկերը, իսկ դա աղետալի կլինի բոլորիս համար։

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը