Մեկնաբանություն

29.06.2016 15:40


Բազմակի օգտագործման փաստաբանը

Բազմակի օգտագործման փաստաբանը

Ընտրական նոր օրենսգրքով նախատեսված է, այսպես կոչված, ռեյտինգային քվեարկություն, որը, հայաստանյան իրողությունները հաշվի առնելով, մեծամասնական ընտրակարգի գռեհիկացված տարբերակի է վերածվելու և ամբողջությամբ խեղաթյուրելու է համամասնական ընտրակարգի գաղափարը: Այսինքն՝ մենք ստանալու ենք հարյուր տոկոսով մեծամասնական ընտրակարգ:

Սերժ Սարգսյանն ատամներով է պահում ռեյտինգային համակարգը, քանզի հենց դրա վրա է հույս դրել ընտրակեղծքների մասով:

Ռեյտինգային քվեարկության համակարգը փոխկապակցված բանդայի հայեցակարգ է, համատեղ հանցանքի գնալու պայմանագիր: Նրանք, ովքեր օգտագործվելու և ռեյտինգային թվերից ելնելով դեն են շպրտվելու, կարող են այս ամենի մասին չհասկանալ, բայց քանի որ հնազանդ մեծամասնության մեջ են, ուստի կողմ են արտահայտվում (օրինակ՝ Շմայսի տիպի մարդիկ շատ չեն հասկանում, թե ինչու է ռեյտինգային քվեարկություն անցկացվելու, բայց «կողմ» են քվեարկում դրան, քանզի իրենց շեֆն է այդպես ուզում):

Օգտագործվող մականունավորներից ու անտառաճանաչներից շատ ավելի վտանգավոր են, այսպես կոչված, գրագետները, որոնք շատ լավ հասկանում են, թե ինչ են անում, և ինչպիսի փորձանք են ուզում բերել պետության գլխին, բայց էնտուզիազմով ու լակեյի նման ծառայում են «Վերջի բոլշևիկին»:

Այսպես, բոլոր իշխանություններին ծառայած Դավիթ Հարությունյանը ստանձնել է ռեյտինգայինի փաստաբանի դերը: Սրա տիպի մարդիկ շատ ավելի են արժանի պարսավանքի, քան ցանկացած Շմայս:

Ուշագրավն այն է, որ Դավիթի նմանները հետանկախական շրջանում կարողացել են բոլոր տիպի իշխանություններին համոզել, որ իրենք խելացի են, այսպես ասած՝ «վունդերկինդ» են:

Իշխանությունն էլ օգտագործել է այդ «վունդերկինդներին»՝ կարծելով, թե հավատարիմ ծառա է գտել: Բայց ժամանակը ցույց է տվել ու ցույց է տալու, որ դրանք ծառայում են օրվա իշխանությանը և զբաղված են «տակից» հարստություն կուտակելով (թքած, թե պետության հետ ինչ կլինի): Եվ ուրեմն, Դավիթի նմաններն են շատ ավելի վնասակար, և քաղաքական սերնդափոխությունն առաջին հերթին սրանց պետք է դուրս նետի պետական կառավարման համակարգից:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը