Աշխարհ

29.06.2016 08:08


Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան մի քանի տասնյակ զոհեր (լրացված, տեսանյութ)

Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան մի քանի տասնյակ զոհեր (լրացված, տեսանյութ)

Աթաթուրքի անվան Ստամբուլի միջազգային օդանավակայանում 3 պայթյուն է որոտացել։ Առնվազն 36 մարդ զոհվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի վարչապետը՝ հավելելով, որ զոհերի թվում, հնարավոր է, լինեն նաև օտարերկրացիներ։

Արդարադատության նախարարն էլ տեղեկացրել է, որ վիրավորվել է 147 մարդ։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրատապ խորհրդակցություն է անցկացրել վարչապետի և պաշտպանության նախարարի հետ։

Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են Ստամբուլի օդանավակայանում ահաբեկիչներից մեկին ոչնչացնելու պահը։ Ոստիկանությունը կրակ է բացել այն ժամանակ, երբ նա փորձել է գործի դնել ռումբը։

Հրապարակվել են նաև բուն ահաբեկչության կադրերը։

...

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը ժամանակավորապես արգելել է լրատվամիջոցներին լուսաբանել ահաբեկչությունը։ Մասնավորապես, արգելվել է տեղեկատվություն տարածել իրավապահների գործողությունների վերաբերյալ, տեսանյութեր տեղադրել ահաբեկչության վայրից, ինչպես նաև ոչ պաշտոնական հայտարարություններ անել կատարվածի մասին։ Նշվում է, որ դա արվում է «հասարակության անվտանգությունն ապահովելու» համար։

***

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Ստամբուլի միջազգային օդանավակայանը վերականգնել է աշխատանքը։

«Daily Sabah»–ն էլ փոխանցում է, որ ԱՄՆ-ի քաղավիացիայի դաշնային վարչությունը վերականգնել է Ստամբուլի հետ ավիահաղորդակցությունը:

***

Նախնական տեղեկություններով՝ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության թիվիթթերյան էջից։

***

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դիմելով միջազգային հանրությանը, կոչ է արել որոշիչ դիրքորոշում ցուցաբերել ցանկացած ահաբեկչական խմբավորման դեմ:

«Ակնհայտ է, որ այդ հարձակումն ուղղված չէր որևէ արդյունքի հասնելուն: Այն անհրաժեշտ էր քարոզչական նյութեր ստեղծելու համար՝ օգտագործելով մեր ժողովրդի արյունն ու ցավը»,-ասել է Էրդողանը:

...

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 43–ի։ 39–ի ինքնությունն արդեն պարզվել է։

***

Թուրքիայում մեկօրյա ազգային սուգ է հայտարարվել: Թուրքիայում և դրա սահմաններից դուրս թուրքական ներկայացուցչություններում հունիսի 29-ին դրոշները խոնարհվել են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը