Կարծիք

28.06.2016 16:51


Վարդան Օսկանյանը բերում է քաղաքական պայքարի նոր, ավելի գրագետ ու արդյունավետ տեսակ

Վարդան Օսկանյանը բերում է քաղաքական պայքարի նոր, ավելի գրագետ ու արդյունավետ տեսակ

Սերժ Սարգսյանը թիմային մարդ չէ. նա անձնակենտրոն է

«Սահմանադրական բարեփոխումների» շուրջ «թեժ բովանդակային» բանավեճերն անցյալում են, սահմանադրական կարգի խախտումն՝ իրողություն, և ահա, Սերժ Սարգսյանը, մոռանալով, որ այժմ ինքը «խորհրդարանական համակարգի սկզբունքային ջատագով է, հանուն ժողովրդավարության պայքարի առաջամարտիկ», իր հարցազրույցում գալիս է ապացուցելու, որ Հայաստանի «խորհրդարանացման» գործընթացը ֆարս էր՝ սեփական իշխանությունը պահպանելու և Հայաստանում բռնատիրական կարգեր հաստատելուն ուղղված քայլ։

Երեկվա իր հարցազրույցում Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ քաղաքականության մեջ նա առաջնորդվում է բացառապես սեփական շահով, և առաջիկա խորհրդարանական ընտրությունների իր միակ ակնկալիքն իշխանությունն իր ձեռքում պահելն է։ Նա թիմային գործիչ չէ։ Սերժ Սարգսյանի խոսքերը և գործը վկայում են այն մասին, որ նա պատկերացում չունի, թե ինչ են խորհրդարանական համակարգը, թիմային աշխատանքը, բուն քաղաքական պայքարը։ Նրա ձգտումը մեկն է՝ լիակատար և բացարձակ իշխանություն, թիմն էլ, խորհրդարանական մեծամասնությունն էլ միջոց են և գործիք իշխանության հասնելու և այն պահելու համար։

Խորհրդարանական համակարգը ենթադրում է թիմային մտածողություն, կարծիքներ լսելու, կոմպրոմիսային լուծումներ առաջարկելու և ընդունելու ունակություն։ Խորհրդարանական համակարգը ենթադրում է նաև բանիմաց արդյունավետ թիմ, ինչպես նաև թիմը կառուցելու, կազմակերպելու ունակ մարդ։ «Համախմբում» կուսակցությունում կան և՛ թիմը, և թիմային մտածողությամբ ղեկավարը։ Իսկապես հետաքրքիր ընտրություններ են սպասվում։ Պայքար՝ «խորհրդարանական համակարգի ջատագով» բռնապետի և նման արհեստական կերպով Հայաստանի խորհրդարանականացմանը դեմ արտահայտվող, բայց իր գործով խորհրդարանական համակարգին ու թիմային աշխատանքին հավատարիմ կուսակցության ու կուսակցության առաջնորդի միջև։
Սերժ Սարգսյանը հույսը դրել է հին ու ծեծված եսակենտրոն պայքարի վրա, Վարդան Օսկանյանն էլ, բացահայտելով Հայաստանի համար նոր քաղաքական առաջնորդի տեսակ, իր հետ բերում է նաև քաղաքական պայքարի նոր, ավելի գրագետ ու արդյունավետ տեսակ՝ իր ուժը տեսնելով թիմի և հասարակության աջակցության, այլ ոչ թե ադմինիստրատիվ լծակների և սեփական վասալների ֆիզիկական ուժի մեջ։ Թիմն այս իմաստով ոչ միայն ֆորմալ կուսակցական թիմն է, կուսակցության անդամները, այլ ողջ գիտակից հասարակությունը, առանց որի աջակցության՝ իշխանափոխության խնդիրը չի կարող լուծվել։ Սա, եթե կուզեք, ինքնին գաղափարական պայքար է, պայքար, որում Օսկանյանն ու, համոզված եմ, ողջ հասարակությունն արդեն իսկ հաղթել են։ Մնում է այդ հաղթանակը ամրագրել ընտրությունների արդյունքով։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը