Քաղաքական

28.06.2016 15:35


Ստ. Մարգարյան. «Ո՞վ է կայացնելու վերջնական որոշումը, եթե ՀՕՊ միջոցներն օգտագործելու կարիք լինի»

Ստ. Մարգարյան. «Ո՞վ է կայացնելու վերջնական որոշումը, եթե ՀՕՊ միջոցներն օգտագործելու կարիք լինի»

Հունիսի 28–ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, Սերժ Սարգսյանի ներկայացրած՝ 2015թ. դեկտեմբերի 23–ին Մոսկվայում ստորագրված ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը վավերացնելու հարցի շուրջ քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը հետաքրքրվել է, թե ով է կայացնելու վերջնական որոշումը, եթե հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործելու կարիք լինի, և այն էլ այն դեպքում, եթե ՀՀ և ՌԴ շահերը չհամընկնեն։

Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը պատասխանել է, որ օդային սահմանում տեղի ունեցող ցանկացած ոտնձգության նկատմամբ իշխանությունները ունեն կիրառման պլան, համապատասխան հրամաններ, որոնցով և առաջնորդվում են.

–Մինչև 50 կմ չհասած՝ այդ գործողությունների իրականացման գործընթացը սկսվում է։

Ստեփան Մարգարյանի այն դիտարկմանը, թե ինչով և ինչպես են ավելանում ՀՀ հնարավորությունները՝ համաձայն ՀՀ և ՌԴ միջև հավաքական հակաօդային պաշտպանության համաձայնագրի, Արա Նազարյանն ասել է, որ այդ պայմանագրով հնարավոր է դառնալու կառավարել արդեն իսկ եղած ռեսուրսը, իսկ որպես լրացուցիչ ռեսուրս՝ ձեռք են բերվում հակաօդային պաշտպանության միջոցներ և՛ խոցման, և՛ թռչող սարքերի առումով։

Ստեփան Մարգարյանի մյուս հարցին, թե որն է տվյալ և 1995թ–ին կնքված պայմանագրերի միջև եղած տարբերությունը, Արա Նազարյանը պատասխանել է, որ 1995թ. պայմանագիրը ներկայացնում է ընդհանուր բնույթը, իսկ վերջինում տեղ են գտել կոնկրետ կառավարման համակարգը և միջոցները։

Արա Նազարյանը նաև նշել է, որ ֆինանսավորման հետ կապված հարցը կարգավորվում է ԱՊՀ երկրների շրջանակներում, և լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը