Կարծիք

28.06.2016 11:55


Սերժ Սարգսյանը կարող է պարտվել. գյումրեցիներին հարցրեք

Սերժ Սարգսյանը կարող է պարտվել. գյումրեցիներին հարցրեք

Սերժ Սարգսյանն անկեղծանում է։ «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀԿ ղեկավարը մի ուշագրավ հայտարարություն է արել, որը ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ նշանակություն ունեն իր համար գալիք խորհրդարանական ընտրությունները։ Նա ասում է, որ եթե ՀՀԿ-ն պարտվի, ինքն այլևս անելիք չի ունենա քաղաքականության մեջ։ Սա ակնհայտ փաստ է, որը պետք է որ գիտակցի յուրաքանչյուր քաղաքացի։ Գալիք խորհրդարանական ընտրությունները որոշիչ են լինելու թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ մնացած բոլորիս համար։

Սրանով Սերժ Սարգսյանը յուրահատուկ ուղերձ է հղում հասարակությանը և «իր թիմին»՝ ցույց տալով, որ ինքն ամեն ինչի պատրաստ է ընտրություններում հաղթանակ ապահովելու կամ, ինչպես ինքն է ասում, «տոկոս խփելու» համար։ Իսկապես, հույս ունենալ, որ ազատ ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն կհաղթահարի 5–տոկոսանոց շեմը՝ միամտություն է։ Իսկ ինչ-ինչ, բայց Սերժ Սարգսյանը հաստատ միամիտ մարդ չէ։ Դե մենք էլ միամիտ չենք ու հասկանում ենք, թե ինչպես է Հանրապետականը փորձելու հաղթել և թույլ չտալ իրենց «առաջնորդի» քաղաքական վախճանը։

Փաստացի, Սերժ Սարգսյանն անձնավորում է այս պայքարը, խորհրդարանական ընտրություններն էլ վերածում ընտրության՝ իր անձի և անձնական բարօրության և Հայաստանի քաղաքացիների բարեկեցիկ ապագայի միջև։ Գուցե չգիտակցելով՝ Սերժ Սարգսյանն է՛լ ավելի է համախմբում հասարակությանը, քանի որ երկրի ապագայի շուրջ բազմաթիվ պատկերացումների շարքում կա թերևս մեկ բան, որ միավորում է ողջ հասարակությանը՝ բացառությամբ Սերժ Սարգսյանի նեղ շրջանակի (որը նույնիսկ ՀՀԿ-ից էլ փոքր է), այդ պատկերացումներում բացակայում է Սերժ Սարգսյանը։

Այսպիսով, եթե մենք բարեկեցիկ ապագա ենք ցանկանում մեզ համար, Սերժ Սարգսյանն էլ մեր բարեկեցության ճանապարհից հեռանալու պայման է դնում իր կուսակցության պարտությունը, թող այսպես լինի։ Իսկ նա կարող է պարտվել. գյումրեցիներին հարցրեք։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը