Լրահոս

10.12.2009 16:14


Գագիկ Ջհանգիրյան. «Ես այն կարծիքին չեմ, որ այս երթով ինչ–որ բան պետք է փոխվի»

Գագիկ Ջհանգիրյան. «Ես այն կարծիքին չեմ, որ այս երթով ինչ–որ բան պետք է փոխվի»

Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ «Հայ ազգային կոնգրեսն» այսօր երթ էր կազմակերպել։ Մ. Սարյանի արձանին հարող հրապարակից երթի մասնակիցները Հյուսիսային պողոտայով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձանին հարող հրապարակ, որտեղ մեկ րոպե լռությամբ և բռունցքները վեր պահած հարգել են մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Այնուհետև երթի մասնակիցները Վազգեն Սարգսյանի անվան փողոցով շարժվել են դեպի ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գրասենյակներ։ Այս կառույցների հայաստանյան ներկայացուցիչներին ՀԱԿ արտաքին հարաբերությունների հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը պահանջագրեր է փոխանցել, որոնցով, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի խոսքերով, միջազգային կառույցներից պահանջել են ավելի ակտիվորեն զբաղվել Հայաստանում մարդու իրավունքների վիճակով։ Երթն ավարտվել է Հյուսիսային պողոտայում։

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Գագիկ Ջհանգիրյանը «7օր»-ին ասել է, որ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում կրիտիկական է, իսկ երթի նպատակը համերաշխության արտահայտումն է՝ ամբողջ աշխարհում նշվող մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ։

-Հայաստանում պետք է անպայմանորեն իրավիճակ փոխվի, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները պաշտպանված լինեն օրենքով, դատարանով, իրավապահ կառույցներով, և բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ՝ անկախ սոցիալական, նյութական և հազարավոր այլ հանգամանքներից,- ասել է Գ. Ջհանգիրյանը,- ես այն կարծիքին չեմ, որ այս երթով ինչ-որ բան պետք է փոխվի, բայց ես կարծում եմ, որ երթն իր նշանակությունը կունենա մեր հոգեբանության մեջ, մեր պատկերացումներում որոշակի փոփոխություններ մտցնելու հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը