Կարծիք

27.06.2016 13:25


Հայրենասիրական և ազգափրկիչ պաթոսի մասին

Հայրենասիրական և ազգափրկիչ պաթոսի մասին

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ադրբեջանական կողմը երկրի նախագահի աշխատակազմի տեղակալի մակարդակով դրական են գնահատել հանդիպումը և ընդգծել, որ սեղանին է դրված հարցի լուծման փուլային տարբերակը:

Այս ամենի մեջ իրեն «չափից դուրս համեստ է պահում» Սերժ Սարգսյանը, ով Ռուսաստանից վերադառնալուց հետո, լայն հաշվով, չի բացել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման փակագծերը: Սակայն վերջին տարիների դառը փորձը հաշվի առնելով` մենք պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարին: Եթե հիշում եք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում թուրքական և ադրբեջանական մամուլում պարբերաբար հնչում էր այն միտքը, որ հայ-թուրքական սահմանի բացումը կապված է ԼՂ խնդրի լուծման հետ: Իսկ մեզ համոզում էին, որ այդպիսի բան չկա: Սակայն երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փաստացի դադարեցվեց, շատ «անսպասելի» պարզ դարձավ, որ Թուրքիան նախապայման է դրել Ղարաբաղի հարցի լուծման մասով:

Երբ 4-օրյա պատերազմից հետո Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց 7 մլն քմ կորցնելու մասին, մեր «հայրենասերները» քիչ էր մնում՝ առաջարկեին իրեն կախաղան հանել, բայց հետո շատ «անսպասելի» Սերժ Սարգսյանը անսպասելի հայտարարեց 800 հա կորցրած տարածքների մասին: Այդ իսկ պատճառով պետք չէ զարմանալ, որ պարզվի, որ իսկապես փուլային տարբերակն է ընկած սեղանին: Ու այսօրվա այն պաթոսը, որով այսօր լցված են հայկական հեռուստաալիքներն ու ֆեյսբուքները, պետպատվերի շրջանակներում Բաղրամյան 26-ի կողմից կազմակերպված էժանագին ներկայացում է։

Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ հայկական հեռուստաալիքներում արգելված էր Թուրքիայի դեմ բացասական բովանդակությամբ ռեպորտաժներ հրապարակելը: Մի զարմացեք, եթե մի օր էլ այն նույն մարդիկ, ովքեր այսօր «հայրենասիրական» մղումներից ելնելով՝ հայհոյում են Ադրբեջանին և նրա նախագահին, նույն ոգով սկսեն ոսկեղենիկ հայերենով գովաբանել Ալիևի հետ ձեռք բերված համաձայնությունը՝ փուլային տարբերակով ԼՂ հարցի լուծման մասով:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը