Մեկնաբանություն

25.06.2016 09:00


Կազանյան փաստաթուղթը և Հռոմի պապի այցը

Կազանյան փաստաթուղթը և Հռոմի պապի այցը

Մարդիկ հակված են զուգադիպությունները պատահական համարել: Ասվածը սթափ հասարակությանը չի վերաբերում:

Մեզանում մի տեսակ ոչինչ պատահական չի լինում: Այլ հարց է, որ միաժամանակ ի հայտ եկած երկու լրջագույն իրողություններից հայությունը կարեւորում է մեկը՝ անուշադրության մատնելով մյուսը: Դե, մեզանում միշտ էլ զգացմունքայնությունը հաղթել է բանականությանը:

Մենք շա՜տ հեշտությամբ կարող ենք հայրենիքի մշուշոտ ապագային վերաբերող հարցին նայել հարեւանցիորեն եւ գլխակորույս նետվել եռօրյա այցով Հայաստան ժամանած այս կամ այն դեմքի շուրջ քարոզչական հոգեցունց հորձանուտի մեջ:

Հրապարակվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 2011թ. փաստաթուղթը, որում սեւով սպիտակի վրա նշված է հետեւյալը, եւ որին իր համաձայնությունն է տվել Սերժ Սարգսյանը. «Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով: Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները: Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները...»:

Ծավալուն փաստաթղթի միայն առաձին հատվածը բավական էր, որ հայ հանրությունը գոնե փոքր-ինչ զգաստանար: Բայց դե, արդեն «ուշ» է, քանզի Հռոմի պապը ինքնաթիռից իջել է եւ ոտքը դրել հայոց սրբազան հողի վրա: Եվ այդ պահից սկսվում է «խելագարությունը»:

Նորից ես նայում Կազանի փաստաթուղթը ու մտքում հարցնում՝ էդ սրբազան հողը վաղը լինելո՞ւ է: Սակայն նման հարցեր այլեւս հայ հանրությանը չեն հետաքրքրում: Նա երկու աչք ու երկու ականջ էլ փոխառած՝ հետեւում ու լսում է, հայկական ալիքներից մեկի բնորոշմամբ, «Վատիկանի միապետի» խոսքին, գործողությանը, ժեստերին:

Հայ հանրությունը հուզմունքից նվաղում է, հալումաշ լինում. - Վաաաաա՜խ, Չարենց արտասանեց, վաաաա՜խ, նայեց Մասիս սարին, վաաա՜խ, էրեխուն գրկեց, վաաա՜խ քամին թիկնոցը բացել ա ու լրիվ ինքը դառել ա հրեշտակ, վաաա՜խ...

Իսկ հեռուստաընկերությունները մեջտեղից «ճղվում» են բոլորի ուղեղին հասցնելու, թե այցը պատմական է ու աննախադեպ, նշանակալի է, չտեսնված-չլսված մի բան, որ Պապը օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրը, որ... Սա այն դեպքում, երբ Հռոմի պապ Հովհաննես Պողոսը 2001-ին արդեն եղել է Հայաստանում, Ծիծեռնակաբերդում պատարագի է մասնակցել եւ օգտագործել է այդ եզրը: Բայց հիմա հրավիրող կողմն ու հրավիրյալը շարունակ խոսում եւ շեշտում են էկումենիկ շարժման մասին: Այն է՝ հակամարտությունների կարգավորման, խաղաղության եւ հաշտության, խաղաղ համակեցության մասին:

Նորից կարդացեք Կազանի փաստաթուղթը: Գոնե այցի ավարտից հետո:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը