Մեկնաբանություն

24.06.2016 22:55


Սերժ Սարգսյանը դեռ չի գրել իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղությունը», բայց...

Սերժ Սարգսյանը դեռ չի գրել իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղությունը», բայց...

Սերժ Սարգսյանը գնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի տխրահռչակ ճանապարհով ու համաձայնել Ղարաբաղի խնդրի լուծման փուլային-քիրվայական տարբերակին, բայց դեռ չի ուզում գրել իր փայ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղությունն» ու հրաժեշտի խոսք հնչեցնել:

Սարգսյանը կառչած է աթոռից ու պատրաստ է ամեն ինչ և ամենքին «փուռը տալ», միայն թե մնա իր տեղում: Տեր-Պետրոսյանն էլ էր կառչած, բայց դե, ներսից «փըխկ» արեցին, ու նա գնաց դդում աճեցնելու:

Սարգսյանը դասեր է քաղել Տեր-Պետրոսյանի արածից ու անցել ընդհատակ: Դրսին խոստացել է գնալ կազանյան տարբերակով ու ժամանակ է խնդրել, իսկ ներսում պատրաստվում է ձգած ժամանակն օգատգործել վերարտադրության խնդիրները լուծելու համար: Իսկ պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերը նրա համար անհետաքրքիր են ու գլխացավանքի աղբյուր:

Սարգսյանը կողմ է տարածքները հանձնելուն և Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ապագային թողնելուն (այդ մասին նա հրապարակավ է հայտարարել): Նա ընդհանրապես ամեն ինչին կողմ է, միայն թե աթոռին մնա:

Սարգսյանին «Ֆուտբոլային» դիվանագիտությունն սկսելուց և Հայոց ցեղասպանության հարցն առևտրի առարկա դարձնելուց հետո մնում է Ղարաբաղի հարցով առևտրի գնալը: Հիմա նա այդ փուլում է և ներսում համախոհներ է գտել՝ ի դեմս բազմիցս «երկխոսացված» «էջմիածնական միաբանների», բայց դե, ինչքան էլ «շուստրիություն» արվի, ու փորձ արվի «տակից» առաջ մղել փուլային տարբերակը, միևնույն է, վերջում ստացվելու է «ա լյա» Տեր-Պետրոսյան, այսինքն՝ պաշտոնավարման անփառունակ ավարտ:

Ինչ վերաբերում է պատերազմին ու խաղաղությանը, ապա այն կոդը, որով առաջարկվում է ընտրություն կատարել, կեղծ է: Քանզի միակողմանի զիջումներով խաղաղության գնալը միանշանակ կհանգեցնի պատերազմի ու մեր պարտության: Հետևաբար, իրական ու տևական խաղաղության հասնելու համար թշնամուն պետք է այն պարտադրել: Իսկ դա հնարավոր է միայն Հայաստանի տնտեսության ու պետական ինստիտուտների զարգացման, ինչպես նաև բանակի արդիականացման արդյունքում: Այլ տարբերակներ չկան:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը