Մեկնաբանություն

24.06.2016 10:30


Փուլային կապիտուլյացիա՞, թե՞ փաթեթային փոփոխություններ

Փուլային կապիտուլյացիա՞, թե՞ փաթեթային փոփոխություններ

Իշխանության ներկայացուցիչները որքան շատ են անդրադառնում Ղարաբաղի մասով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մամեդովի հայտարարությանը և փորձում հերքել նրա ասածները, այնքան հակառակ բանն է ստացվում: Այսինքն՝ հաստատում են Մամեդովին:

Սկզբում Նալբանդյանն անհաջող փորձ արեց:

Երեկ էլ Շարմազանովը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստի ժամանակ ասել է, որ հայկական կողմն իր դիրքորոշումը չի փոխել:

Հիմա եկեք վերհիշենք, թե որն էր այդ դիրքորոշումը, որ «ռազմահայրենասիրական» տոնով հայտարարվում է, թե այն չի փոխվել:

Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի կարգավիճակով երկու անգամ է հրապարակավ հայտնել իր տեսակետը Ղարաբաղի հարցով: Մեկը տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում էր, երբ սիրիական «Ալ Վաթան» թերթի միջոցով նա, ի լուր աշխարհի, հայտարարեց, թե կողմ է Ղարաբաղի շուրջ առկա անվտանգության գոտին հանձնելուն, եթե Ադրբեջանը ճանաչի ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը:

Երկրորդ անգամ Սերժ Սարգսյանը նույն բանն ավելի դետալացված ասաց ապրիլյան չորսօրյա մարտերից ու մեր պարտությունից հետո: «Բլումբերգի» հետ զրույցում ՀՀԿ ղեկավարը հայտարարեց, թե 2011թ. Կազանում ինքը համաձայնել էր հանձնել հինգ շրջանները, կողմ էր արտահայտվել խաղաղապահներին ու Ղարաբաղի կարգավիճակի հարցն էլ թողել էր անորոշ ապագային:

Սրանք են Սերժ Սարգսյանի տեսակետները, և եթե հայտարարվում է, որ տեսակետներն այդ փոփոխության չեն ենթարկվել, ապա ստացվում է, որ Մամեդովը չի ստում:

Ի դեպ, «Անի» կենտրոնը հրապարակել է Ղարաբաղի հարցով կազանյան փաստաթուղթը, որը 1997-ի կապիտուլյացիոն փուլային տարբերակից չի տարբերվում: Փուլայինը, ինչպես հայտնի է, 1998-ին հանգեցրեց իշխանափոխության:

Սերժ Սարգսյանն այն ժամանակ միացավ փուլայինին դեմ արտահայտվողներին: Հիմա նա ուզում է «տակից» առաջ տանել նույն այդ փուլային տարբերակը, բայց անունը դնել փաթեթային:

Իսկ կողմ է Սարգսյանը փուլայինին ոչ թե որ դավաճան է կամ գաղափարական քիրվա, այլ որ տանուլ է տվել պետականաշինության գործընթացը, սեփական շահերը հետապնդելով՝ թուլացրել է Հայաստանն ու մեր բանակը, և հիմա այլ տարբերակ չունի, քան ճնշումներին տեղի տալը:

Փուլային այս կապիտուլյացիայից խուսափելու միակ տարբերակը մնում է Հայաստանի ներսում փոփոխությունների փաթեթային իրականացումը:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը