Քաղաքական

23.06.2016 17:25


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամները հանդիպել են նաիրիտցիներին (ֆոտոշարք)

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամները հանդիպել են նաիրիտցիներին (ֆոտոշարք)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ հունիսի 23–ին, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի գործողություն էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առջև՝ պահանջելով նոր կյանք պարգևել գործարանին։ Սակայն ՀՀ կառավարությունից որևէ արձագանք և պատասխան չստանալով՝ նաիրիտցիները երթով շարժվել են Բաղրամյան 26, որտեղ վերջիններիս կրկին ոչ ոք չի ընդունել։

Այնուհետև նաիրիտցիները գնացել են ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ և հանդիպել են կուսակցության փոխնախագահներ Էլինար Վարդանյանին, Ստեփան Մարգարյանին և վարչության անդամներ Կարեն Անդրեասյանին ու Արտակ Բշտիկյանին։ Նաիրիտցիները ՀԱՄԱԽՄԲՄԱՆ անդամներին ներկայացրել են իրենց խնդիրները, իսկ վերջիններս հանդես են եկել խորհրդատվական աջակցությամբ։

–Մենք պատրաստ ենք ուժերի ներածին չափով և օրենքով տրված բոլոր միջոցներով աջակցել, որպեսզի ձեր բարձրացրած խնդիրները լուծվեն,– ասել է կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը։

Հանդիպման ժամանակ գործարանի աշխատակիցներից մեկը բարձրաձայնել է իրավական հարթության այն խնդրի մասին, որ «Նաիրիտում» 35 տարեկանից բարձր աշխատակիցներին չեն թույլատրում անցնել պահակային ծառայության։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը նշել է, որ տվյալ դպքում իրավական տեսանկյունից գոյություն ունի տարիքային խտրականության խնդիր, և առաջարկել է դիմում գրել Աշխատանքի տեսչություն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

Ինչ վերաբերում է «Նաիրիտի» գործունեության կառավարումն այլ կառույցներին հանձնելուն, ապա Կարեն Անդրեասյանն ասել է.

Քանի որ ձեր գործարանն ունի յուրահատկություն, այստեղ առաջ է գալիս մեկ այլ խնդիր՝ հանրության առողջությունն ու անվտանգությունը, ինչը ևս կարող է դիտարկվել իրավական դաշտում՝ հիմնավորելով, որ քիմիական արտադրությամբ զբաղվող գործարանը մեկ այլ ոչ մասնագիտացված կառույցին հանձնելը վտանգ կարող է ներկայացնել հանրության առողջությանն ու անվտանգությանը,– ասել է Անդրեասյանը։

Նա հավելել է, որ տվյալ դեպքում մարդու իրավունքների 2 խախտում արդեն կա՝ տարիքային խտրականություն և հանրության առողջության անվտանգություն, և այդ հարցերով կուսակցությունը պատրաստ է իրավաբանական աջակցություն ցուցաբերել։

Թեման շարունակելով՝ նաիրիտցիներից մեկը նշել է, որ կար ժամանակ, երբ գործարան մտնող Կապույտ լճի ջրով ջրվում էին գործարանի տարածքը, բնությունը, սակայն այժմ ասում են, որ ամբողջը չորացած է, և գործարանն էլ գտնվում է պայթյունավտանգ վիճակում։

–Ուզում են մարդ բերել դրսից, ով ոչինչ չի հասկանում, այ դա է վտանգավորը,– ընգծել է նաիրիտցին։

Ի պատասխան՝ Կարեն Անդրեասյանը նշել է, որ իրենք պատրաստ են հրավիրել բարձրակարգ բնապահպանների, համագործակցել Հայատանում գտնվող բնապահպանական կազմակերպությունների հետ։

Այս հարցը ես օրակարգային կարող եմ համարել։ Ես ինքս, չլինելով գործարանի անդամ, բայց իմ երեխայի առողջության համար սա կարող եմ դիտել որպես մարդու իրավունքի խախտում։ Դուք այս առումով համապատասխան միջոցներ կարող եք ձեռնարկել՝ դատի տաք, բողոքեք և այլն,– ասել է Անդրեասյանը։

Նաիրիտցիները նշել են, որ ամենալուրջ օգնության կարիքն ունեն «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցում։ Աշխատակիցներից մեկն առաջարկել է «Համախմբում» կուսակցության միջոցով ստեղծել հանրային աշխատանքային խումբ, ներգրավել քիմիկների, բնապահպանների և այլ մասնագետների՝ այս հարցին հասարակական արձագանք տալու նպատակով։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն էլ առաջարկել է հասարակական քննարկում հրավիրել, որին կարող են մասնակցել տարբեր մասնագետներ, և բոլոր հարցերը մասնագիտական տեսանկյունից դիտարկել։

Եթե մասնագիտական խումբը կասի, որ ձեր առաջարկները հնարավոր է կյանքի կոչել, ապա մենք պատրաստ ենք դիմել ՀՀ կառավարությանը և պաշտոնական պատասխան պահանջել։ Ձեր հարցապնդումը նաև կհնչեցնենք Ազգային ժողովում։ Այս հարցում մենք կարող ենք լինել կազմակերպչի և ձեզ աջակցողի դերում,–նշել է Ստեփան Մարգարյանը։

Էլինար Վարդանյանն էլ հավելել է, որ եթե մասնագետների դիտարկումները հաստատվեն, և նրանք նշեն, որ որևէ գումարի շրջանակներում հնարավոր է վերագործարկել գործարանը, ապա դա կնշանակի, որ հնարավոր կլինի վերցնել նպատակային վարկ՝ որպես ներդրում, որն էլ հետագայում կարող է համապատասխան արդյունքների հանգեցնել։

Նաիրիտցիները ողջունել են կուսակցության անդամների առաջարկները. նրանցից մեկն էլ նշել է, որ իրենք պատրաստ են կանգնել այն քաղաքական ուժի կողքին, որը վերջնականապես կլուծի «Նաիրիտ» գործարանի խնդիրը։

Ի պատասխան՝ Ստեփան Սարգսյանն ընդգծել է, որ անկախ նաիրիտցիների՝ իրենց կողքին լինելուց, իրենք զբաղվելու են այդ խնդրով, քանի որ գործարանի վերագործարկումից շահելու են բոլոր քաղաքացիները և երկրի տնտեսությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը