Մեկնաբանություն

23.06.2016 12:50


Ղարաբաղը «ծախելու» ու «ծախողների» մասին

Ղարաբաղը «ծախելու» ու «ծախողների» մասին

Նորանկախ Հայաստանում պարբերաբար մեղադրանք է ներկայացվում իշխանություններին, թե բա՝ «Ղարաբաղը ծախում են»։

Կախված քաղաքական կոնյունկտուրայից՝ «ծախողներ» են համարվում ներկաները, նախկինները կամ էլ ավելի նախկինները։

Իրականությունն այն է, որ Հայաստանի ոչ մի իշխանություն չի ուզում և չի կարող «ծախել» Ղարաբաղը։ Այլ բան է մտածողությամբ կամ քաղաքականության միջոցով այս կամ այն վիճակին հանգեցնելը։

Պաթոլոգիկ քիրվայականն, օրինակ, գտնում է, որ «Սերգո ջանին» լավ ապրեցնելու համար պետք է փուլային տարբերակով զիջումների գնալ Ղարաբաղի հարցում (փուլայինն այն է, ինչի համար 1998–ին Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվեց, և այն է, ինչին համաձայնել էր Սերժ Սարգսյանը Կազանում, բայց Ալիևը, բարեբախտաբար, ընթացք չտվեց դրան), որպեսզի Հայաստանն ապաշրջափակվի և կարողանա տնտեսապես զարգանալ։ Սա ոչ թե դավաճանական, այլ հիվանդ մտածողություն է՝ դոկտրինալ մտածողություն։ Ասել է թե՝ «սերգոջանային» մտածողության կրողը ոչ թե ուզում է «ծախել» Ղարաբաղը, այլ, իր կարծիքով, լավ բան է անում։

Սերժ Սարգսյանն էլ չի ուզում «ծախել» Ղարաբաղը։ Նրան դավաճանության մեջ մեղադրողները սխալվում են։

ՀՀԿ ղեկավարն իրեն կից «էջմիածնական միաբանի» պես պաթոլոգիկ քիրվայական չէ, բայց հիմա հայտնվել է քիրվայականների տիրույթում, քանզի ձախողել է պետականաշինությունը, պետությունը վերածել է տնամերձ բոստանի, ստեղծել է բյուջեն ատկատահան անելու համակարգ ու հիմա ստիպված է տեղի տալ ճնշումներին։

Սերժ Սարգսյանը չի ուզում «ծախել» Ղարաբաղը, բայց այդպես ստացվում է։ Ճիշտ է, նա չի կարող «ծախել», բայց իր սխալների համար վճարելու է ժողովուրդը՝ իր զավակների կյանքի ու զրկանքների գնով։ Սա, ի դեպ, այն գինն է, որը վճարում է և վճարելու է մեր ժողովուրդը այսպիսի իշխանություն հանդուրժելու համար։ Ինչևէ։

Եվ ուրեմն, մեկընդմիշտ հստակեցնենք. Սարգսյանը ոչ թե դավաճան է ու Ղարաբաղը «ծախող», այլ անարդյունավետ ու ապաշնորհ ղեկավար։ Սարգսյանը հո չէ՞ր ուզում, որ չորսօրյա թեժ մարտեր լինեին, մենք տարածքներ կորցնեինք ու հարյուրից ավելի զոհ տայինք։ Նա չէր ուզում, բայց երբ տարիներ շարունակ տիրում է թալանի մթնոլորտ, երբ ՀՀ արտաքին քաղաքականությունը դառնում է «նախաձեռնողական», երբ անվտանգության հարցերում հույսդ դնում ես արտաքին ուժերի վրա, երբ վարում ես այնպիսի տնտեսական քաղաքականություն, որ Հայաստանը տնտեսական անկման ռեկորդ է սահմանում, աղքատությունն աճում է, մարդիկ փախչում են մեր երկրից, ներդրումները կրճատվում են, կապիտալն արտահոսում է, ապա վերջում ստացվում է «Ղարաբաղը ծախել»։

Բա եթե Սերժ Սարգսյանի միակ խնդիրը վերարտադրության նպատակով տոկոս «խփելն» ու փող աշխատելն է, ապա առաջնագծում զինվորը ստիպված իր ոգին ու մարմինն է դեմ տալիս թշնամուն։ Դրսի ուժերն ու, առավել ևս, թշնամին տեսնում է, որ թույլ ես, զիջումներ է պահանջում։ Միակողմանի զիջումներ, փաստացի՝ կապիտուլյացիա։

Այնպես որ, Ղարաբաղը «չծախելու» համար փոփոխություններ են պետք թիկունքում։

«Ծախելն» ու «չծախելը» պետականաշինության մեջ արդյունքներով է գնահատվում, այլ ոչ թե «հայրենասիրական» հռետորաբանությամբ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը