Կարծիք

22.06.2016 15:35


Դատարկվող Հայաստանում իշխում է խոցելի ու անկարող փոքրամասնությունը

Դատարկվող Հայաստանում իշխում է խոցելի ու անկարող փոքրամասնությունը

Հայաստանը պատերազմի մեջ է: Այս փաստն անհերքելի է: Ցավոք, անգամ ապրիլյան բախումից ու հարյուրավոր զոհերից հետո էլ մեզանում խորապես չեն գիտակցվում պատերազմական այս իրավիճակի և դրանից բխող վտանգները: Իշխանությունները կարծես զրկվել են իրավիճակը սթափ գնահատելու, առաջնային խնդիրները երկրորդականից զատելու, դրանց պատճառները հետևանքներից տարանջատելու կարողությունից: Կարծես, ընդհանրապես կորցրել են որոշումներ կայացնելու ունակությունը:

Բոլորիս հուզում է հետևյալ հարցը՝ ինչո՞ւ: Մեծ Բրիտանիայի վարչապետներից մեկն ասել է. «Մեծամասնությունն է ամենալավ լուծումը»:–Իսկ մենք ՀՀ անկախության տարիներին ի վիճակի չեղանք երկրի ներսում հաստատելու պետական կառավարման այնպիսի արդար և «ներառող» համակարգ, որը հնարավորություն կստեղծեր անցկացնել արդար և ազատ ընտրություններ՝ ձևավորել լեգիտիմ իշխանություն, ստեղծել մրցակցային տնտեսություն և կերտել նոր՝ ազատ ու անկախ հայ մարդուն: Արդյունքում՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն օտարվեց սեփական պետությունից և ոչ մի կերպ չի կարողանում «տիրանալ իր հայրենիքին»՝ ձևավորել մեծամասնության իշխանությունը:

Արդյունքում՝ դատարկվող Հայաստանում իշխում է խոցելի ու անկարող փոքրամասնությունը, որն իր պատասխանատվությունը սեփական պետության հանդեպ փորձում էր կիսել, իսկ այժմ էլ փորձում է ամբողջությամբ բարդել հովանավոր՝ օտար ուժի վրա՝ դրանից բխող պետականության համար կործանարար հետևանքներով: Հենց այսօր, վաղն արդեն ուշ կլինի. հայ մարդը պետք է կարողանա դուրս գալ իրեն պարտադրված այս ներքին թմբիրից ու արտաքին թակարդից և հարց տա իրեն՝ «Ո՞րն է իմ առաքելությունն այս աշխարհում, ի՞նչ կարող եմ ես անձամբ տալ աշխարհին, իմ պետությանը, քաղաքին, համայնքին»:

Ներքին բարդույթներից ու կապանքներից ազատ և արտաքին պայմանականություններից անկախ հայ մարդը միայն կարող է կառուցել իրապես արդար և հզոր պետություն:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը