Քաղաքական

21.06.2016 17:01


Կարեն Անդրեասյանն անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը

Կարեն Անդրեասյանն անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը

Հարցազրույց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, Հայաստանի 3–րդ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ

–Երեկ տեղի է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության նիստը, որտեղ Ձեզ և կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին հանձնարարվել է հանդիպումներ ունենալ Ժիրայր Սեֆիլյանի հարազատների և ընկերների հետ, ուսումնասիրել տեղի ունեցածը և ձեռք բերել համապարփակ տեղեկատվություն։ Հանդիպե՞լ եք արդյոք, և ի՞նչ արդյունքներ կան այս պահին։

–Այո՛, երեկ, երբ իմացանք Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության մասին, անմիջապես քննարկեցինք ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդրանիկ նիստի ընթացքում և մեր խոր մտահոգությունը հայտնեցինք փաստի առնչությամբ։ Վարչության հանձնարարությամբ՝ այսօր արդեն ես և տիկին Վարդանյանը հանդիպեցինք Ժիրայր Սեֆիլյանի կնոջ՝ Նանոր Սեֆիլյանի հետ, և խոսեցինք Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանի հետ։

Հանդիպմանը կիսելով տիկին Նանորի անհանգստությունը՝ փորձեցինք հասկանալ, թե իրավական հարթությունում ինչ գործողություններ են կատարվում։ Այս պահի դրությամբ՝ իմ ու Էլինար Վարդանյանի անունից արդեն կարող ենք ասել, որ կա որոշակի քաղաքական ենթատեքստ այն գործընթացներում, որոնք տեղի են ունենում։

–Ի՞նչ պատմեց Նանոր Սեֆիլյանը կատարվածի մասին։

–Ժիրայր Սեֆիլյանի կնոջ պնդմամբ՝ տեղի ունեցածը հերթական քաղաքական հալածանքն է։ Մեզ ամենաշատը մտահոգում է այն հանգամանքը, որ գործ ունենք քաղաքական գործչի հետ, իսկ ցանկացած քաղաքական ակտիվություն դրսևորող անձի դեպքում մենք պետք է ունենանք ավելի երաշխավորված իրավական գործընթացներ։

–Ի՞նչն է հիմք տալիս ենթադրելու, որ Սեֆիլյանի ձերբակալությունը որոշակի քաղաքական ենթատեքստ ունի։

–Այս պահին նախաքննությունը դեռ շարունակվում է, և մենք չենք կարող տիրապետել մեծաքանակ տեղեկատվության, որպեսզի վերջնական որոշում կայացնենք՝ տեղի ունեցածը քաղաքական հետապնդո՞ւմ է, թե ոչ։ Սակայն կարող ենք ասել՝ այս պահին կասկածելի է թվում այն հանգամանքը, որ ընդամենը մեկ անձի ցուցմունքով է ամբողջ գործը ներկայացվել ձերբակալվածին և նրա փաստաբանին։ Մեզ համար նաև սկզբունք է, որ նման քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով իշխանությունն է կրում բեռը։ Գուցե ոչ միայն դատարանում ներկայացվի Ժիրայր Սեֆիլյանի կամ որևէ այլ քաղաքական ներկայացուցչի մեղավորությունը, այլ նաև ողջ հանրությանը։ Բերվեն այնպիսի փաստարկներ և ապացույցներ, որ վերջինիս մոտ փարատվեն բոլոր կասկածները։ Քանի դեռ իշխանությունները, իրավապահ մարմինները դա չեն արել, մեծ չափով քաղաքական ենթատեքստի կասկած կա հենց ձերբակալածի, նրա ընկերների և հարազատների մոտ, և որոշ չափով նման կասկած կա, իհարկե, հասարակության շրջանում։

–Սեֆիլյանի ձերբակալության փաստի առնչությամբ ի՞նչ քայլեր եք նախաձեռնում հետագայում ևս։ Արդյոք այն ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մշտական ուշադրության կենտրոնո՞ւմ է լինելու։

–Կարող եմ միանշանակ ասել, որ ես և տիկին Վարդանյանը շարունակելու ենք ակտիվ կապ պահպանել թե՛ պարոն Սեֆիլյանի հարազատների, թե՛ փաստաբանի հետ։

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Այս խորագրի վերջին նյութերը