Կարծիք

21.06.2016 13:10


«Համախմբում» կուսակցության ուժը թիմն է

«Համախմբում» կուսակցության ուժը թիմն է

«Համախմբում» կուսակցության ուժը թիմն է։ Անդրանիկ Թևանյանին լսելով՝ մտածեցի, որ թիմն այստեղ երկու նշանակություն ունի։ Առաջին՝ նեղ իմաստով թիմը կուսակցության աշխատանք իրականացնող, քաղաքական ռազմավարություն և տնտեսական ծրագիր մշակող մարդիկ են, կազմակերպիչներ։ Լայն իմաստով՝ այդ թիմը հասարակությունն է, այն բոլոր մարդիկ, ովքեր զգում են փոփոխությունների անհրաժեշտությունը և պատրաստ են իրականացնել դրանք։ «Համախմբումը» միայն ֆորմալ առումով է կուսակցություն։ Ինձ դուր է գալիս, որ կուսակցությունը ստեղծողները դիտարկում են այն որպես շարժում։

Իսկապես, «Համախմբումը» կարող է դառնալ այն գործիքը, որի միջոցով իշխանությունը կվերադարձվի հասարակությանը։ Կուսակցությունը հայտ է ներկայացնում դառնալու հասարակության կամքի հավաքագրող, արտահայտող և իրականացնող։ Եվ այստեղ է, որ յուրաքանչյուրս կարող ենք լինել այդ՝ լայն իմաստով թիմի անդամ։ Հասարակական աջակցության շնորհիվ կուսակցությունը կարող է քաղաքական օրակարգ թելադրել։ «Համախմբումն» ու հասարակությունը մի թիմ են և ուժեղ են դրանով։

Կուսակցությունն առանձնանում է նաև նրանով, որ այն չի ստեղծվել միայն իշխանություն վերցնելու, ինչ-որ մեկին կամ մի խումբ մարդկանց իշխանության բերելու համար։ Կուսակցությունը ստեղծվել է և իրականացնում է իր գործունեությունը՝ պետությունը ճգնաժամից դուրս բերելու համար։ Նեղ իմաստով՝ թիմն ունի երկրի լրջագույն խնդիրները լուծելու հստակ ծրագրեր։ Կա նաև հասարակական պահանջ՝ այդ խնդիրները լուծելու։ «Համախմբումը» այլընտրանք է ոչ թե ներկայիս իշխանություններին, այլ արտագաղթին ու երկրի կործանմանը։ Երբ խոսվում է հավատի պակասի մասին, վստահության պակասի՝ քաղաքական ուժերին, մտածում եմ, որ խնդիրը նրանում է, որ մենք դադարել ենք հավատալ սեփական ուժերին։ Առաջինը պետք է հավատանք մեզ, մեր անհատական ու հավաքական ուժին, և այդ դեպքում կասկած չի առաջանա, թե կուսակցությունը, որևէ քաղաքական ուժ, որին մենք մանդատ ենք տալիս, հուսախաբ կանի մեզ։

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը