Մեկնաբանություն

21.06.2016 00:05


Իշխանությունը համախմբվել է «Համախմբման» ղեկավարի դեմ

Իշխանությունը համախմբվել է «Համախմբման» ղեկավարի դեմ

Նորանկախ Հայաստանի 25 տարվա պատմության ընթացքում չի արձանագրվել դեպք, երբ Վարդան Օսկանյանը որեւէ գործչի, կուսակցության կամ պաշտոնյայի հասցեին ինչ-որ վիրավորական արտահայտություն թույլ տված լինի: Չե՛ք հիշի նման դեպք: Այս առումով նա, իսկապես, շահեկանորեն առանձնանում է շատ-շատերից, ավելին՝ հազվագյուտ գործիչներից մեկն է:

Զուսպ, հավասարակշիռ, խոսքի արժեքը իմացող, ազնիվ ու պարկեշտ մարդիկ, ինչպիսին է նաեւ Օսկանյանը, ցավոք, մեր քաղաքական իրականության մեջ չեն ընկալվում կամ ընկալվում են որպես «սպիտակ ագռավ»:

Մարդու, քաղաքական գործչի հե՛նց այս տեսակն է, որ նյարդայնացնում է Բաղրամյան 26-ին, որտեղ այսօր «ցածր պրոբի» մարդիկ են տեր ու տնօրեն կարգվել: Սրանց համար ատելի է սկզբունքային, անկաշառ, չարատավորված տեսակը, այդ պատճառով էլ մեր հայրենիքի իրական սահմաններն անտերության են մատնել ու ներսում են «ճակատ» բացել…Վարդան Օսկանյանի դեմ (մեկի դեմ, որն արտգործնախարարի պաշտոնում տասը տարի այնպես կարողացավ բանակցել, որ թշնամին անգամ մի քանի ժամով լայնածավալ ռազմական գործողություններ չիրականացրեց, ուր մնաց, թե չորսօրյա պատերազմ սկսեր):

«Համախմբում» կուսակցությունը հստակ հայտարարեց, որ ատելության քարոզ չեն տանելու: Պարզվում է՝ սա էլ Բաղրամյան 26-ի մի ականջից մտավ, մյուս ականջից դուրս եկավ:

Երբ դեռ նորաստեղծ կուսակցությունը նույնիսկ Արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցված չէ, երբ դեռ հանրապետության տարածքում կուսակցական կառույցների ստեղծման ամբողջական աշխատանքներն ավարտված չեն, Վարդան Օսկանյանի դեմ նման լայնածավալ հարձակում նախաձեռնելու փաստը բացահայտում է այն վախն ու տագնապը, որ կա Բաղրամյան 26-ում:

Հանրության վստահությունը վայելող, ուժեղ ու լայնախոհ ղեկավարը քաղաքական ասպարեզում նոր ուժի ի հայտ գալը, նոր քաղաքական հայտը շատ հանգիստ կընդուներ: Փոխարենը՝ մենք տեսնում ենք լուրջ անհանգստություն, ցայտնոտային իրավիճակ եւ անհարկի լարվածություն: «Իշխանափոխություն», «իշխանության հուսալի հավակնորդ» բառերն ու բառակապակցություններն իշխող ուժի եւ նրա առաջնորդի աչքերից փախցրել են քունը: Իրենց թվում է, թե իշխանությունը Աստծուց են նվեր ստացել, ու միայն Աստված կարող է իրենց զրկել իշխանությունից (դե, մեռնելուց հետո, էլի): Դրա համար էլ Բ26-ի լրատվամիջոցները հիմա «արտակարգ ռեժիմով» են աշխատում՝ փորձելով մեղադրել Օսկանյանին ... «մարտի 1-ի» համար: Իսկապես, ծիծաղելի է:

«Մարտի 1-ի» բոլոր «պահանջատերերն» այսօր Սերժ Սարգսյանի քաղաքական հաճախորդներն են դարձել, եւ մնում էր գտնել «իսկական մեղավորին»:

ՀՀԿ ղեկավարին մեկը չի հարցնում՝ ա՛յ մարդ, եթե էդքան ծանր ես տանում «մարտի 1-ը», ապա կարող էիր 8 տարի առաջ հայտարարել, որ չես ցանկանում 10 զոհի գնով նստել նախագահի աթոռին ու հանգիստ գնայիր քո տանը նստեիր: Դա չի՛ արել ու հիմա՝ 8 տարի հետո, հանկարծ ուղեղը պայծառացավ եւ ի դեմս Օսկանյանի «մեղավոր» գտավ՝ սեփական ԶԼՄ-ների միջոցով գրոհ կազմակերպելով «Համախմբում» կուսակցության նախագահի դեմ: Անհեթեթ, անհիմն, ճղճիմ հարցադրումների եւ զազրախոսությունների տեսքով:

Եվ սրանք սահմանադրական «փոփոխությունների» երկամյա քարոզի ընթացքում բարբառում էին «քաղաքական մշակույթի» մասին: Ձեր մենթալիտետն ու «մշակույթը» միշտ էլ շրիշակից ցածր են եղել եւ այդպես էլ կա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը