Լրահոս

09.12.2009 19:46


Տիգրան Սարգսյանը Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու հավանականությունը մեծ չի համարում

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, հայտարարելով, որ բավականին ուշադիր է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթների նկատմամբ, ասել է, որ համամիտ չէ նրա այն մտքի հետ, թե Հայաստանը Թուրքիայից հետո աշխարհի այն պետությունն է, որ առավելագույնս շահագրգռված է Թուրքիայի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հարցում։

Վ. Հովհաննիսյանը նշել է, որ դրանում շատ ավելի են շահագրգռված ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը և այլն, և անընդհատ նկատվում է, որ Թուրքիայի անդամակցության համար նախապես ներկայացված պահանջները, նրանք հետզհետե սկսում են նվազեցնել։

-Այս պայմաններում Ձեզ չի՞ թվում արդյոք, որ ամեն գնով Թուրքիայի անդամակցելու ջատագովները, որոնց թվում հիմա պարզվում է մենք նույնիսկ առաջինն ենք, կարող են ի վերջո հասնել այն արդյունքին, որ Թուրքիան ընդունվի Եվրամիություն՝ չկատարելով կամ կիսատ կատարելով այդ պահանջները, և նա Եվրամիությունում մեր գլխին ահավոր պատուհաս դառնա,- Տիգրան Սարգսյանին հարցրել է Վահան Հովհաննիսյանը։

Ի պատասխան ՀՀ վարչապետը նշել է, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու հավանականությունը մեծ չէ, քանչ որ այդ երկիրը դեռևս կատարել է իր պարտավորությունների 30%-ը միայն, իսկ լիիրավ անդամ դառնալու համար լրջագույն բարեփոխումներ են անհրաժեշտ, որի արդյունքում Թուրքիան որակապես կփոխվի։

-Հասկանալի է, որ առաջին հերթին ՀՀ-ն է դրանում շահագրգռված՝ հաշվի առնելով մեր պատմությունը, այն հարաբերությունները, որոնք առկա են, Թուրքիայի քաղաքականությունը ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ։ Եթե Թուրքիան իրականացնի ժողովրդավարական բարեփոխումներ, հարգի ազգերի իրավունքները, այդ թվում այն ազգային փոքրամասնությունների, որոնք ապրում են Թուրքիայի տարածքում, բնականաբար, շատ ավելի հեշտ կլինի լուծել նաև Հայաստանի ազգային խնդիրները, այդ թվում նաև Ցեղասպանության ճանաչման խնդիրը, որովհետև Ցեղասպանության ճանաչումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Թուրիան սկսի հարգել ժողովրդավարական սկզբունքները, որոնցով այսօր առաջնորդվում են քաղաքակիրթ, զարգացած երկրները։ Եվ ես կարծում եմ՝ դա՛ է հաջողության հասնելու ճանապարհը՝ բոլոր այն ազգային խնդիրների շուրջ, որոնք գերակայություն են նաև Հայ հեղափոխական դաշնակցության համար։ Դրա համար մենք պետք է աջակցենք, որ Թուրքիան հաջողի։ Հավանականությունը ես գնահատում եմ շատ քիչ, բայց որ այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու պարագայում մենք շահելու ենք, դա ինձ համար ակնհայտ է։ Կիսում եմ ձեր այն մտավախությունները, որ պահանջները կարող են մեղմացվել, բայց չեմ կիսում ձեր այն տեսակետը, որ Թուրքիան չիրականացնելով արմատական բարեփոխումներ՝ կլինի Եվրամիության լիիրավ անդամ,- պատասխանել է Տ. Սարգսյանը՝ նշելով, որ եվրոպական պետությունները չեն կարող անդամակցության իրավունք տալ մի երկրի, որն իրենց հիմնական կանոներին չի համապատասխանում։

Վ. Հովհաննիսյանը ՀՀ վարչապետի այս մտքի հետ էլ չի համաձայնել՝ նշելով, որ կան այլ օրինակներ, երբԵվրոպան իր կազմի մեջ երկրներ է ընդունել, որոնք չեն բավարարել ներկայացվող պահանջները՝ հույսով , որ դրանք հետագայում կբավարարվեն։

-Ինչ վերաբերվում է Թուրքիային, մենք էլ ունեցել ենք հույսեր, որ Թուրքիան կարող է որակական փոփոխություն ապրի 1908-1909 թվականներին։ Դա տեղի չի ունեցել,- ասել է Վ. Հովհաննիսյանը՝ հարցնելով,-արդյոք նպաստելով Թուրքիայի կերպարանափոխմանը՝ մենք մեր սեփական ազգային շահերը չե՞նք զոհում դրան։ Արդյոք Թուրքիայի բարեփոխումների այդ ճանապարհի վրա մենք ինքներս կորցնող չե՞նք լինի. Թուրքիան կբարեփոխվի, իսկ մենք կոտրած տաշտակի մոտ կհայտնվենք։

-Ցեղասպանության ճանաչման ամբողջ գործընթացի նպատակը կայանում է ոչ թե նրանում, որ Ցեղասպանությունը ճանաչող երկրների քանակն ավելանա, այլ առաջին հերթին, որ Թուրքիա՛ն ճանաչի Ցեղասպանության փաստը, իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի ներսում պետք է տեղի ունենան քաղաքական, ժողովրդավարական լրջագույն փոփոխություններ,- պատասխանել է ՀՀ վարչապետը,-  Եվրամիության շրջանակներում բարեփոխումներին այո՛ մենք պետք է դրական մոտենանք, իսկ ինչ վերաբերում է մեր արդարացի պայքարին, մենք մեր գործողությունները պետք է ուժգնացնենք, ոչ թե թուլացնենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը