Կարծիք

20.06.2016 15:20


Մարտի 1-ի դեպքերը դեռ թարմ են հասարակության հիշողության մեջ

Մարտի 1-ի դեպքերը դեռ թարմ են հասարակության հիշողության մեջ

2008 թվականի մարտի 1-ի դեպքերը դեռ թարմ են հասարակության հիշողության մեջ։ Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես ընթացան զարգացումները, ինչի համար էին տեղի ունենում ցույցերը, և ինչով ամեն ինչ հանգուցալուծվեց։ Հայտնի է նաև, որ այդ իրավիճակից հետո շահեկան դիրքում հայտնվեց միայն մեկ մարդ, որն էլ հետո իր՝ թիմ ասելը շատ կլինի, թայֆեն բերեց ու տիրացավ երկրին։ Սա պարզ և անհերքելի ճշմարտություն է, և զարմանալ կարելի է, երբ իշխանական լրատվամիջոցները մեղադրում են ինչ-որ այլ մարդկանց և խոսում նրանց պատասխանատվության չափի մասին։

Այժմ էլ իշխանական քարոզչամեքենան փորձում է շահարկել մարտի 1-ի իրադարձությունները «Համախմբում» կուսակցության ու Վարդան Օսկանյանի դեմ քարոզարշավի շրջանակներում։ Իշխանությունների ցանկացած նմանատիպ պրիմիտիվ քայլ խոսում է այն մասին, թե ինչ կարծիք ունեն Սերժ Սարգսյանն ու նրան սպասարկող մարդիկ մեր հասարակության մասին։ Մարտի 1-ի 10 զոհի արյան գնով իշխանության եկած մարդուն սպասարկողները փորձում են մեզ համոզել, թե Վարդան Օսկանյանը վատն է, որովհետև այդ ողբերգական դեպքերից առաջ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ, դիմել ցուցարարներին՝ փորձելով հանգստացնել նրանց ու կանխել այն, ինչ տեղի ունեցավ։ Հիշեցնեմ այդ պարոններին, որ Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը վերցնելուց հետո Վարդան Օսկանյանը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել և այդ «թայֆի» մաս չի կազմել։

Իրականում հասարակությունը՝ մենք, այնքան հիմար չենք, որքան կարծում է Սերժ Սարգսյանը և իր սպասավորների վարած քարոզն իրականում իր դեմ է աշխատում, իսկ այն ամենը, ինչ աշխատում է Սերժ Սարգսյանի դեմ, ձեռնտու է հասարակությանը։ Մյուս կողմից էլ՝ եկե՛ք Սերժ Սարգսյանին էլ հասկանանք․․․բա ուրիշ ի՞նչ պետք է ասեր։ Քննադատում են, որ կործանել է տնտեսությունը, ո՞նց կարող է ապացուցել հակառակը, տարածք է կորցրել Ղարաբաղում, շատ էլ որ «անպետք ու անմշակ», գերի է վերցրել գրեթե ամբողջ լրատվական դաշտը։ Նման էժանագին շահարկումներից բացի՝ Սերժ Սարգսյանի զինանոցում մնացել են տարբեր տրամաչափի գեղամյաններ, Քոչարյանի ուրվականի դեմ պայքարող ընդդիմություն և հայհոյանք։

Հ․Գ․Ի դեպ, հայհոյանքի մասին։ Լավ կլինի՝ անձնական վիրավորանքներին անցնելուց առաջ լավ մտածեն, հետո մի քիչ էլ մտածեն։ Նախ՝ այդ մարդիկ էլ կարող են նույն ձևով պատասխանել, և այս դեպքում որևէ մեկի մոտ տարակուսանք չի առաջանա, թե արդյոք դուք արժանի՞ էիք նման հայհոյանքի․․․ Դուրս եկեք փողոց և հարցրեք, թե մարդիկ ձեր մասին ինչ են մտածում։ Պարզապես կարիք չկա բարձրաձայնել այն, ինչ առանց այդ էլ բոլորը գիտեն։ Եվ հետո հիշե՛ք, որ վաղ թե ուշ դուք ձեր արածների համար պատասխան եք տալու, և ոչ միայն քաղաքական դաշտում, այլև տասնյակ ու հարյուր հազարավոր այն մարդկանց, այն ստեղծագործ մարդկանց, որոնք ստիպված են մի կերպ հայթայթել ապրուստի միջոցներ և կերակրել ձեզ կամ լքել երկիրը։ Ու լավ կլինի, որ այսօր նահանջի տեղ թողնեք, որովհետև վաղը այդ մարդիկ գալու են պատասխանի հետևից։ Ձեր իսկ շահերից է բխում, որ այդ մարդկանց ու ձեր միջև կանգնած լինի ինչ-որ մեկը։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը