Լրահոս

09.12.2009 19:15


ՀՀ վարչապետի կարծիքը ձևավորվել է նամակներից

ՀՀ վարչապետի կարծիքը ձևավորվել է նամակներից

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը բովանդակալից է գնահատել 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը։

-Վարչապետի ելույթի մեջ կային հետաքրքիր շեշտադրումներ, մասնավորապես այն հատվածը, որ ցիտում եմ. «Ցանկանում եմ անդրադառնալ նաև մի կարևոր խնդրի, թե որն է մեր քաղաքացիներին մտահոգող ամենակարևոր հիմնախնդիրը։ Մեր ուսումնասիրությունները և սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում է ոչ թե թոշակների և աշխատավարձերի խնդիրը, ոչ թե գործազրկության և նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը, ոչ թե գնաճը և փոխարժեքը և նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ սոցիալական արդարության խնդիրը»։-Եթե կան նման ուսումնասիրություններ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ  նրանց մյուս հարցերը չեն մտահոգում, ապա մենք ցանկանում ենք ծանոթանալ դրանց հետ, և մեր նամակը հենց դրա մասին էր։ Մեզ պատասխան եկավ, որ, այո՛,  վարչապետն այդպիսի բան է ասել, «ինչը բնավ չի նշանակում, որ այդ հարցումները պատվիրվել են ՀՀ կառավարության կողմից»։ Փաստորեն, այդ հարցումներն ուրիշ կազմակերպություններ են անցկացրել, և կառավարությունը չունի դրանք իր ձեռքի տակ։ Բայց վերջում ասված է, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք համադրվել են վերոհիշյալ հարցումների արդյունքների հետ։ Ինչո՞ւ չենք ստացել այդ ուսումնասիրությունները,-հարցրել է նա։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով հարցին, ասել է, որ հարցումները մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են։

-Ինչպես մեր նամակում գրված է,  այդ սոցհարցումները դեռևս չեն իրականացվել կառավարության ֆինանսավորմամբ։ Մենք օգտվել ենք այն աղբյուրներից, որոնցից կարող եք նաև դուք օգտվել (խոսքը ԶԼՄ-ներով տարածվող սոցհարցումների արդյունքների մասին է)։ Բացի դրանից, մենք հազարավոր նամակներ ենք ստանում մեր քաղաքացիներից, որոնցում բարձրացվում են խնդիրներ, և այդ նամակների  ճնշող մեծամասնությունը (մոտ 90%)  սոցիալական խնդիրներին է վերաբերում,-նշել է նա։

ՀՀ վարչապետը նաև հավելել է, որ իրենց դիտարկումների հիմքում ընկած են նաև բազմաթիվ հանդիպումներ հասարակական կազմակերպությունների հետ, որոնք կրկին սոցիալական խնդիրներ են բարձրացնում։ Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ 2010-ից  կառավարությունն ունենալու է սեփական սոցիոլոգիական պատվերներից ստացած արդյունքները, և երեք ամիսը մեկ կառավարության աշխատանքի մասին հաշվետվություն է ներկայացնելու հանրությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը