Կարծիք

09.12.2009 17:44


Սեփական պատմությունից վախենալն ստրկամտություն է

Սեփական պատմությունից վախենալն ստրկամտություն է

Հայ - թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներն ստիպում են մեզ մեր շրջապատի նկատմամբ դառնալ առավել զգայուն։ Նկատի ունենալով մեր Հայրենիքի գլխին կախված մեծ աղետը, որն առայժմ երևում է օգոստոսի 31-յան զույգ արձանագրությունների տեսքով, ակամայից ինքդ քեզ թումանյանական հարց ես ուղղում. «ինչի՞ց սկսվեց էս ամեն ինչը...»։

Յուրաքանչյուր սերունդ իր միջից ծնում է քաղաքագետների ու քաղաքական գործիչների մի խումբ, որոնք կառավարում են երկիրը։ Այդպիսի խմբի գործունեությունը մեծապես կախված է նրանից, թե այն որքանով է տեղեկացված սեփական ազգի պատմությանը, հայ ժողովրդի նվաճումներին։ Իսկ հայ ժողովրդի նվաճումներն ու պատմությունը յուրաքանչյուր գործչի մոտ չի կարող չառաջացնել հպարտության, երբեմն նաև՝ ափսոսանքի զգացումներ։

Հայ նորօրյա սերունդն այսօր ևս իրավունք ունի իր հերոսական պատմությունը ներկայացնել օտարներին՝ ապացուցելով իր՝ որպես Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովրդի, ապրելու և արարելու սրբազան իրավունքը։ Հայկական լեռնաշխարհին ծանոթ յուրաքանչյուր օտարերկրացի հիացել է հայոց անգնահատելի մշակութային ժառանգությամբ, իսկ այդ նույն լեռնաշխարհն անվերապահորեն համարել հայ ժողովրդի բնօրրան՝ Հայրենիք։

Մինչ վերջին տարիները հայ համալսարանականները հպարտությամբ էին լցվում, երբ օտարերկրացի յուրաքանչյուր հյուրի դիմաց Երևանի պետական համալսարանի Վարդգես և Ռիթա Պալյանների անվան դահլիճի գլխավոր պատին վեր էր խոյանում Հայկական լեռնաշխարհի պատկերը՝ հմուտ վարպետների ձեռքով քանդակված լեռնագագաթներով, գետերով, լճերով ու դաշտավայրերով հանդերձ։ Այն մեր ազգի պատմությունն էր՝ որի կողքով անտարբեր չէր կարող անցնել ոչ մի օտարերկրացի։ Դա հատուկ նշում ենք, քանի որ Պալյանների անվան դահլիճն իր հարկի տակ հիմնականում հյուրընկալում էր օտարերկրացի դիվանագետների, բարձրաստիճան պատվիրակությունների, անգամ՝ նախագահների և այլն։ Ուստի վերոնշյալ՝ Հայոց լեռնաշխարհը պատկերող քանդակի ,դերըե մեծանում էր մի քանի անգամ։ Այն, փաստորեն, օտարերկրացի հյուրերին ,ավանդաբար մատուցվողե Մատենադարանի, Ծիծեռնակաբերդի, ինչպես նաև՝ Էջմիածնի կողքին և նրանց հավասար մի արժեք էր։

Նախ մի քանի խոսք Պալյանների դահլիճի մասին։ Այն ի սկզբանե եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետին կից հնագիտության և ազգագրության թանգարան-կաբինետ։ Հետագայում՝ 1960-ական թվականներին, երբ ԵՊՀ ռեկտոր դարձավ ականավոր գիտնական Մ. Ներսիսյանը, ԵՊՀ-ում 1969թ. հիմնվեց հայագիտական կենտրոն,  իսկ վերոնշյալ հնագիտության և ազգագրության թանգարան-կաբինետը տրվեց հայագիտական կենտրոնին։ Այդուհանդերձ՝ հնագիտության և ազգագրության թանգարան-կաբինետը, որպես գիտահետազոտական լաբորատորիա օգտագործվում էր նաև Պատմության ֆակուլտետի կողմից։ Թանգարան-կաբինետի ղեկավարներն են եղել պ. գ. դ., պրոֆ. Աշոտ Աբրահամյանը, այնուհետև՝ անվանի հնագետ Ստեփան Եսայանը։ Հավելյալ նշենք, որ արդեն 1990-ական թվականների վերջերին, երբ թանգարան-կաբինետը վերանորոգության ենթարկվեց սփյուռքհայ բարերարներ Վարդգես և Ռիթա Պալյանների կողմից, վերջինս սկսեց կոչվել բարերարների անունով։ Ցավով նշենք, որ թանգարանում զետեղված բոլոր նյութերը ,պահ տրվեցինե ԵՊՀ-ի պահեստներին՝ որպես ,չօգտագործվող իրերե։

Ահա այս թանգարան-կաբինետում դեռ 1960-ական թվականներին տեղադրված էր Հայկական լեռնաշխարհի վերոնշյալ հրաշալի քանդակ-պատկերը։ 

Սակայն մեր օրերում այդպիսի արժեքներն այնքան էլ «արդիական» չեն։ Չգիտես ում բողոքով կամ ում կարգադրությամբ՝ 2003-2004թթ., երբ ԵՊՀ ռեկտորն էր ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը, Հայկական լեռնաշխարհի պատկերը տեղափոխվեց Պալյանների անվան դահլիճից և վերանորոգվելուց հետո (վերջինս տեղափոխման ժամանակ խիստ վնասվել էր) տեղադրվեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի լսարաններից մեկում։ Քավ լիցի, ԵՊՀ պատմաբաններին վիրավորելու նպատակ բնավ մեր առաջ չենք դրել, քանի որ ԵՊՀ պատմության ֆակուլտետն ավելիին է արժանի (տողերիս հեղինակը նույնպես այդ ֆակուլտետի շրջանավարտ է)։ Խնդիրը այս իրողության քաղաքական ենթատեքստի մեջ է։ 

Թե ինչո՞ւ մեր համալսարանականները վախեցան այդ հրաշալի քանդակը ցուցադրել իր նախկին վայրում՝ պարզ է նույնքան, որքան իրողությունը՝ ցավալի։ Այդ քայլը կարելի է որակել որպես.

  • Երևանի պետական համալսարանի ղեկավարության երկչոտ քայլ,
  • երկրի ղեկավարության կողմից Երևանի պետական համալսարանի ղեկավարության վրա ճնշման գործադրում։ Ղեկավարություն, որն առիթը բաց չի թողնում՝ սեփական հայրենիքի մասնատման և օտարման հաշվին օտարերկրացիների առաջ ,քաղաքակիրթե երևալու համար։

Թվում է, թե վերոշարադրյալ իրողությունը մի մանրուք է՝ ԵՊՀ գույքի շատ սովորական մի տեղափոխում մի մասնաշենքից մյուսը։ Սակայն երբ խորանում ես հարցի էության մեջ, այն այնքան էլ մանրուք չէ, ավելին՝ հայ համալսարանականներին բարոյական մեծ հարված հասցնող իրադարձություն։ Սա ապացուցում է, որ մերօրյա ղեկավարությունը հայ ժողովրդի պատմությունը դիտարկում է որպես ,ներքին օգտագործման նյութե և ամաչում է այն ցուցադրել օտարներին։ Կարելի է ասել ոչ թե ամաչում, այլ ավելի շատ՝ երկնչում է։ Երկնչում է, թե այդ դահլիճում հանդիպման կայացումից հետո Իրանի կամ Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները բողոքի նոտայով հանդես կգան, և, այդ ,հիմար պատկերիե պատճառով, հանկարծ կփչանա, օրինակ, ՀՀ-Վրաստան «եղբայրությունը»։ Եթե վախենում են, ապա ինչո՞ւ են հանդուրժում Արքայից Արքա Տիգրան Մեծի հոյակերտ արձանը ՀՀ Նախագահի նստավայրում, այն էլ՝ անմիջապես դարպասների մոտ, ուղիղ հյուրերի աչքի առաջ։ Թե՞ հյուրերի մեծ մասը հայերեն չգիտի, և արձաններով հարուստ ՀՀ-ում դժվար թե դրա վրա մեծ ուշադրություն դարձնող լինի։ Իսկ միգուցե հերթն այդ արձանի տեղափոխմանն էլ է հասնելո՞ւ։

Մեր արևելյան, արևմտյան հարևանները ոչնչից պատմություն են ստեղծում, նրանցից առանձնապես ետ չի մնում որպես էթնոս դեռ իր կազմավորման որոշակի փուլում գտնվող մեր հյուսիսային հարևանը, իսկ մեր հայրենի գործիչները, իրենց իսկ  ստեղծած իրադրությունից ելքեր չգտնելով, որդեգրել են ազգային չերևալու և այդպիսով օտարներին իրենց կողմը գրավելու քաղաքականություն։ 

Երեկվա մեր համալսարանականներն այսօր կերտում են մեր ապագան, այսօրվա համալսարանականները վաղն են կերտելու մեր ապագան։ Ուստի՝ բոլոր ժամանակների համալսարանականների ազգային դաստիարակությունը միայն կարող է մեր ազգը դարձնել Տիգրան Մեծին ու Պապ թագավորին արժանի հետնորդներ։

Հայկական լեռնաշխարհը մեր Հայրենիքն է, այն օտարին ցուցադրելը՝ հպարտության զգացում։ Օտարից վախենալը ստրկամտություն է։ Ուստի՝ բոլորովին էլ մանրուք չէր մեր մտահոգությունը։

Ամեն ինչ սկսվում է այստեղից...

Վահե Սարգսյան

«Միտք» վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը