Կարծիք

16.06.2016 13:04


«Համախմբում» կուսակցության հետևում կանգնած ուժը ողջ հասարակությունն է

«Համախմբում» կուսակցության հետևում կանգնած ուժը ողջ հասարակությունն է

Վաղը կայանալու է «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը։ Սա իրոք կարևոր իրադարձություն է Հայաստանի քաղաքական կյանքում։ Բազմաթիվ կուսակցությունների շարքում, որոնք հիմնականում ներկայացնում են իրենք իրենց, «Համախմբումը» նպատակ է դրել միավորել հասարակությանը ընդհանուր շահերի շուրջ։ Կուսակցությունը հայտ է ներկայացնում դառնալու հասարակության խոսափողը, բարձրաձայնելու հասարակությանը հուզող խնդիրները։ Սակայն ամենակարևորն այն է, որ կուսակցությունում ձևավորվում է թիմ, որը մշակելու է այդ խնդիրները լուծելու կոնկրետ մեխանիզմներ։

Համագումարին ընդառաջ՝ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է այն փիլիսոփայությունը, որն ընկած է լինելու կուսակցության գործունեության հիմքում։ «Համախմբումն», իմ պատկերացմամբ, ձգտում է դառնալ մի հարթակ, որի միջոցով կոնսոլիդացվելու է հասարակության շահը, որն էլ ընկած պետք է լինի Հայաստանը ճգնաժամային իրավիճակից հանելու և զարգացման ուղու վրա դնելու հիմքը։ Հենց այդ շահի գիտակցումն է, այսինքն՝ իրենց շահը գիտակցող հասարակության անդամները պետք է դառնան կուսակցության գլխավոր ռեսուրսը։ Մյուս կողմից էլ՝ հենց կուսակցությունն է հասարակության շահի իրականացման կարևորագույն ռեսուրսը։ Եվ «Համախմբումը» հենց այդպիսի կուսակցություն է։

Իսկապես, կուսակցությունները երբեք ոչինչ չեն կարող անել, եթե դրանց հետևում կանգնած չլինի որևէ ուժ։ Եվ «Համախմբում» կուսակցության հետևում կանգնած ուժը ողջ հասարակությունն է՝ չնչին, շատ չնչին և ապիկար բացառությամբ։ Կուսակցության գործունեության հիմքում ընկած են շատ պարզ գաղափարներ, որոնց կրողը բոլորս ենք։ Կուսակցության դեմ հնարավոր քայլերն էլ լինելու են ոտնձգություն այդ գաղափարների՝ մեր ընդհանուր շահի դեմ։ Ինչպես նշեց Վահե Հովհաննիսյանը, մենք կարող ենք որևէ բան փոխել, միայն եթե միասին լինենք։ Իսկ միասնական պայքար սկսելու համար պետք է ինքներս մեզ մեկ պարզ հարց տանք՝ ուզո՞ւմ ենք 10 տարի հետո ապրել այն Հայաստանում, որում ապրում ենք հիմա։ Մի տեսակ համակերպվել ենք այս ծանր կյանքին և համակերպվելով հանդուրժում ենք իշխանության լկտիությունը։ Մինչև ե՞րբ։ Մինչև ե՞րբ ենք թույլ տալու, որ նրանք մեր հաշվին ցոփ կյանք վարեն, մենք էլ հազիվ՝ ծայրը ծայրին հասցնելով գոյատևենք։ Կապ չունի, թե Հայաստանում մարդը որ սոցիալական խավին է պատկանում. առանց Սերժ Սարգսյանի՝ բոլորս ավելի լավ կապրենք, եթե համապատասխան ջանքեր գործադրենք։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը